Հոդված 6. Նախադպրոցական կրթության նպատակները և խնդիրները
Հոդված 6. Նախադպրոցական կրթության նպատակները և խնդիրները
1. Նախադպրոցական կրթության նպատակներն են՝
ա) երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը.
բ) նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը.
գ) դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը:
2. Նախադպրոցական կրթության խնդիրներն են՝
ա) նախադպրոցական տարիքի երեխաների մեջ մայրենի լեզվով հաղորդակցվելու և հաշվելու տարրական կարողությունների զարգացումը.
բ) նախադպրոցական տարիքի երեխայի խնամքը, զարգացման շեղումների կանխարգելումն ու շտկումը.
գ) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային տարրական հմտությունների և կարողությունների ձևավորումը.
դ) հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումն ու արմատավորումը.
ե) երեխայի անհատականության ձևավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը.
զ) նախադպրոցական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը.
է) ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը: