Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-29-ից մինչև 2024-12-19։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-12-19-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 34. Հավաստագրմանը ներկայացվող հիմնական պահանջները

գործել է մինչև 2024-12-19ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 34. Հավաստագրմանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով:

2. ՇՄԶ հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով: ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ բուժաշխատողն օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է հաջորդ հինգ տարիների համար ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:

3. ՇՄԶ հավաստագիրը տրվում է օրենսդրությամբ սահմանված պահանջների բավարարման և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու դեպքում:

4. ՇՄԶ հավաստագիրը տրվում է, եթե բուժաշխատողը լրացրել է սույն օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը և վերջին հինգ տարում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն է իրականացրել:

5. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացրած չլինելու դեպքում ՇՄԶ հավաստագիր ստանալու համար բուժաշխատողն անցնում է թեստավորում, որն անցնելու փաստը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում տրվում է ՇՄԶ հավաստագիր:

6. Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի 70 տոկոսը հավաքելու դեպքում մասնագիտական գործունեությունը շարունակելու և ՇՄԶ հավաստագիր ստանալու համար բուժաշխատողն իրավունք ունի անցնելու թեստավորում և ստանալու ՇՄԶ հավաստագիր:

7. Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի 70 տոկոսի շեմը չհաղթահարած բուժաշխատողները չբավարարող ՇՄԶ կրեդիտների քանակը լրացնում են սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:

8. ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե բուժաշխատողը չի ապահովել սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները:

9. ՇՄԶ հավաստագրի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատական կարգով:

10. Թեստավորումն իրականացնում են լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովները, որոնց կազմում ընդգրկվում են բժշկական ուսումնական հաստատությունների, բժշկական կազմակերպությունների, լիազոր մարմնի և սույն օրենքի 31.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ասոցիացիաների ներկայացուցիչները: Մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը և աշխատակարգը սահմանում է լիազոր մարմինը:

11. Թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը հաստատում է Կառավարությունը:

12. Հավաստագրումն իրականացնում է լիազոր մարմնի ստեղծած մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը (ՄԳՀԱԿ-ն): Այդ նպատակով ՄԳՀԱԿ-ում լիազոր մարմնի սահմանած կարգով ստեղծվում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են սույն օրենքի 31.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ասոցիացիաների, բժշկական ուսումնական հաստատությունների, բժշկական կազմակերպությունների և լիազոր մարմնի ներկայացուցիչներ: Մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը սահմանում է լիազոր մարմինը:

13. ՄԳՀԱԿ-ն իրականացնում է՝

1) բուժաշխատողների ռեգիստրի վարումը․

2) առաջին անգամ մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի տրամադրումը.

3) շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կրեդիտավորումը․

4) ՇՄԶ հավաստագրման գործընթացի վերաբերյալ մշտադիտարկումը․

5) սույն օրենքով նախատեսված դեպքերում ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով թեստավորման կազմակերպման և իրականացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը․

6) անցումային անհատական լիցենզիայի և անհատական լիցենզիայի տրամադրման նպատակով իրականացվող կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

14. Հավաստագրման կազմակերպման և իրականացման կարգը, հավաստագրերի ձևերը և տրամադրման կարգը հաստատում է լիազոր մարմինը:

15. (մասն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-164-Ն)

(34-րդ հոդվածը խմբ. 12.07.23 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 11.04.24 ՀՕ-164-Ն)

(12.07.23 ՀՕ-270-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(11.04.24 ՀՕ-164-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։