Հոդված 16. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրությունը (դրամական ապահովությունը)
Հոդված 16. Զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրությունը (դրամական ապահովությունը)
(վերնագիրը լրաց. 23.12.22 ՀՕ-604-Ն)
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների (այսուհետ նաև` զինծառայող), քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան հավելվածներով սահմանված` նրանց պաշտոնի խմբի (ենթախմբի) սանդղակում` համապատասխանաբար զինվորական, փրկարար կամ քրեակատարողական ծառայության ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով:
2. Պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 3-ով, ազգային անվտանգության ծառայության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 4-ով, ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 5-ով, Պետական պահպանության ծառայության զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներինը` հավելված 6-ով, քրեակատարողական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են հավելված 7-ով, փրկարար ծառայության ծառայողներինը` հավելված 8-ով:
2.1. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-209-Ն)
2.2. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի, 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 4-րդ մասերով, 20-րդ հոդվածով, 21-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 1-8-րդ մասերով, 25-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա: Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների վրա:
4. Զինծառայողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին կոչման համար հավելավճար չի տրվում:
5. Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողներին (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկվելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների (բացառությամբ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների), ոստիկանության ծառայողների (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում։
5.2. Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորման արդյունքով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկվելու դեպքում Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում։
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության, քրեակատարողական և փրկարար ծառայությունների կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու դեպքում վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(16-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ. 06.12.17 ՀՕ-245-Ն, 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-505-Ն, 23.12.22 ՀՕ-604-Ն, լրաց., փոփ. 23.12.22 ՀՕ-618-Ն, լրաց. 21.04.23 ՀՕ-133-Ն, 21.04.23 ՀՕ-136-Ն, խմբ. 01.03.23 ՀՕ-41-Ն)
(07.12.22 ՀՕ-505-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(23.12.22 ՀՕ-618-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(21.04.23 ՀՕ-133-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(21.04.23 ՀՕ-136-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-41-Ն օրենքն ունի անցումային դրույթ)