Հոդված 15. Դրոշմանիշային վճարն ինքնուրույն վճարելը
Հոդված 15. Դրոշմանիշային վճարն ինքնուրույն վճարելը
(վերնագիրը խմբ. 25.10.23 ՀՕ-328-Ն)
1. Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն` հարկային գործակալի պարտավորությունից ազատված անձից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն` մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման համապատասխան բազաները:
3. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարները հաշվարկում են՝ հիմք ընդունելով տվյալ ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկում ներառված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց եկամուտները:
4. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարները հաշվարկում և արտացոլում են համապատասխանաբար եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում), անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկում և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվությունում:
(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն, խմբ. 29.12.20 ՀՕ-502-Ն, 01.03.23 ՀՕ-42-Ն, 25.10.23 ՀՕ-328-Ն, փոփ. 24.10.25 ՀՕ-326-Ն, լրաց. 28.02.24 ՀՕ-106-Ն)
(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(01.03.23 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(28.02.24 ՀՕ-106-Ն օրենքն ունի անցումային դրույթ)