Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-05-02։Բացել գործող տեքստը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 16 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 107

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 107.

Հարցազրույց անցկացնելու համար նյութեր նախապատրաստելը

1. Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո Դատական դեպարտամենտը միասնական համալրված ցուցակը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ` հարցազրույց անցկացնելու նպատակով։

2. Միասնական համալրված ցուցակը կազմվում է.

1) գրավոր քննության հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու համար անհրաժեշտ թեկնածուների քանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող քանակի, բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան քանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները, ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, և

2) գիտական աստիճան ունեցող հավակնորդների ցուցակից:

3. Գրավոր քննությունից հավասար անցողիկ միավոր ունեցող բոլոր հավակնորդներն ընդգրկվում են համալրված ցուցակում:

4. Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված հավակնորդների համալրված ցուցակը Դատական դեպարտամենտը հրապարակում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության և մասնագիտական աշխատանքի փորձառության վերաբերյալ տեղեկություններ:

5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ հավակնորդի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների համալրված ցուցակը հրապարակելու օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնել Բարձրագույն դատական խորհրդին: Պետական մարմինները և պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաև Բարձրագույն դատական խորհրդի պահանջով:

6. Յուրաքանչյուր ոք, ով տիրապետում է տվյալ դատավորի թեկնածուի հավակնորդի վերաբերյալ փաստաթղթավորված այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ, կարող է հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

7. Հավակնորդը ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունի Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու իր կողմից կազմված ոչ ավելի, քան հինգ գրավոր աշխատանքների օրինակներ (հայցադիմումի պատասխաններ, միջնորդություններ կամ այլ դատավարական փաստաթղթեր, ինչպես նաև գիտական հոդվածներ կամ այլ աշխատանքներ) հայերեն կամ հայերեն թարգմանությամբ, որը կարող է հավաստել նրա մասնագիտական աշխատանքի փորձառությունը և նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների գնահատմանը հարցազրույցի ժամանակ:

8. Միասնական համալրված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման ստուգմանը մասնակցելու հայտին կից հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքով ստացած միավորները և սույն հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:

9. Հարցազրույցին մասնակցող անձն իրավունք ունի դիմելու և դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում գտնվող իր անձնական գործին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։