Հոդված 5. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 5. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Աճուրդը պետք է սկսվի ժամը 9.00-19.00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սեփականատիրոջ (իրավատիրոջ) կողմից կազմակերպվող աճուրդների, որոնք պետք է սկսվեն ժամը 8.00-23.00 ընկած ժամանակահատվածում:
Լոտի վաճառքը պետք է ավարտվի հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:
2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են վարկերի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող և իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ինտերնետային կայքում:
Աճուրդի կազմակերպիչը պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:
3. Աճուրդին, աճուրդի կանոնակարգով նախատեսված կարգով, կարող են ներկա գտնվել աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը (այսուհետ` մասնակից չհամարվող անձինք):
Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:
4. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանն ու ենթարկվել աճուրդի կանոնակարգով սահմանված կանոններին:
(5-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-128-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-185-Ն)