Հոդված 14. ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ
Հոդված 14. ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ
1. Նախքան աճուրդի սկսվելը կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթեր:
2. Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում վաճառվելիք լոտի անվանումը և նկարագրությունը, դրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև աճուրդի անցկացման ձևը, այդ թվում` գնային հայտեր ներկայացնելու կարգը:
3. Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Ցանկացած մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույն հավելման չափով:
4. Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
5. Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը վիճակահանության միջոցով որոշում է հաղթող մասնակցին:
6. Աճուրդի անցկացման այլ ընթացակարգային պայմանները կարող են նախատեսվել աճուրդի մասին կանոնակարգով, որի դրույթներին կազմակերպիչը պարտավոր է մասնակիցներին ծանոթացնել նախքան աճուրդի սկսվելը:
7. Լոտի (լոտերի) վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը, և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: