Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-09-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ

Հոդված 30. ԼՈՏԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 30. ԼՈՏԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

1. Հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը:

Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:

3. Աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:

Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:

Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Եթե սույն հոդվածով սահմանված ժամկետում և կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:

4. Կողմի առաջարկած մեկնարկային գնով աճուրդի կայացման դեպքում, ինչպես նաև եթե աճուրդը հայտարարվում է չկայացած սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով, ապա կատարողական վճարը վերադարձվում է այն վճարած կողմին:

Եթե աճուրդը հայտարարվում է չկայացած սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով, ապա կատարողական վճարը վերադարձման ենթակա չէ:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին` նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաև լոտի մեկնարկային գինը, և սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է հրապարակային ծանուցում:

(30-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-192-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։