Հոդված 35.2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքը
Հոդված 35.2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքը
1. Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:
Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:
2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով:
Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:
4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին:
5. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է, իսկ կանխիկ մուծվածը կամ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման գինը մուծելու դեպքում հաշվանցում է նաև նախօրոք որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը` ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Հաղթողի կողմից գնման գինը չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ծառայության դեպոզիտ հաշվում: Ծառայությունը ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, որի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:
7. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց և այն փաստացի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր:
Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին:
8. Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:
(35.2-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն, խմբ. 13.12.17 ՀՕ-310-Ն, փոփ., խմբ. 09.07.19 ՀՕ-131-Ն)