Հոդված 248. Աշխատանքի անվտանգ կատարման կազմակերպումը
Հոդված 248. Աշխատանքի անվտանգ կատարման կազմակերպումը
1. Աշխատանքը պետք է կազմակերպվի աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
2. Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության սկզբունքների, աշխատողների անվտանգության և առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի, տեխնիկական փաստաթղթերի, տեխնոլոգիական գործընթացների և աշխատանքի միջոցների հիման վրա գործատուն`
1) գնահատում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության համար հնարավոր ռիսկը.
2) վարում է կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի անձնագրերը: Անձնագրում նշվում են այն աշխատատեղերը, աշխատանքի միջոցները, աշխատանքի և հանգստի ժամերը, որոնք համապատասխանում են աշխատողների անվտանգության ապահովման և առողջության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, իսկ եթե աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա նշվում է աշխատողների անվտանգությունը և առողջությունը բարելավելուն ուղղված միջոցառումների մասին.
3) կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության ծառայության մասին կանոնակարգերին համապատասխան` սահմանում է կազմակերպությունում աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության կարգը.
4) ընդունում է կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին ներքին իրավական ակտեր (աշխատողների անվտանգության ապահովման և առողջության մասին հրահանգներ, աշխատանքի անվտանգ կատարման կանոններ և այլն):
3. Գործատուն պարտավոր է ընդունել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր:
4. Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության մասին իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման և իրականացման կանոնների, հրահանգների պահանջները չպահպանելը համարվում է կազմակերպության ներքին կարգապահական կանոնների խախտում: