Հոդված 95. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը
Հոդված 95. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը
1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ:
Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ մինչև պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտը, սակայն հինգ տարուց ոչ ավելի ժամկետով: Հինգ տարուց պակաս ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել: Նույն գործատուի մոտ հինգ տարուց պակաս ժամկետով կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի` գործողության ընդհանուր գումարային ժամկետը չի կարող գերազանցել հինգ տարին, եթե որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին կողմերի գրավոր համաձայնությունը ձեռք է բերվում պայմանագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն տասն օր առաջ:
Նույն գործատուի մոտ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը հինգ տարվա ընթացքում լուծվելու և ոչ ավելի, քան մեկ ամսվա ընթացքում նոր` որոշակի ժամկետով պայմանագիր կնքվելու դեպքում աշխատողի աշխատանքը համարվում է չընդհատվող:
2. Ընտրովի պաշտոններում աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է ընտրված ժամանակահատվածով:
3. Աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով կարող է կնքվել նաև, եթե`
1) աշխատողը գործատուին մատուցում է անձնական բնույթի ծառայություններ.
2) աշխատանքը կատարում են տնաշխատները.
3) կատարվում է համատեղությամբ աշխատանք.
4) կատարվում են սեզոնային աշխատանքներ.
5) կատարվում է ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանք: