Հոդված 144. Արտաժամյա աշխատանքի սահմանափակումները
Հոդված 144. Արտաժամյա աշխատանքի սահմանափակումները
1. Արտաժամյա աշխատանքը սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, 140-րդ և 141-րդ հոդվածներով ու 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքն է:
Արտաժամյա աշխատանքները լինում են գործատուի պահանջով կամ կողմերի համաձայնությամբ:
2. Գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերում:
3. Արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում`
1) մինչև 18 տարեկան աշխատողները.
2) առանց արտադրությունից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները դասերի օրերին.
3) թունավոր, քաղցկեղածին կամ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությամբ արտադրություններում աշխատողները.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ պայմաններում աշխատողները:
4. Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Հաշմանդամները կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դա նրանց արգելված չէ:
5. Արտաժամյա չի համարվում կազմակերպության ղեկավար պաշտոնատար անձանց` սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը: Այդ պաշտոնների ցանկը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով:
Արտաժամյա չի համարվում քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների` բարձրագույն խմբի և գլխավոր խմբի առաջին ենթախմբի (դրա առկայության դեպքում) պաշտոն զբաղեցնողների և օրենքով նախատեսված այլ ծառայողների աշխատանքը: