Հոդված 13. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունը
Հոդված 13. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունը
1. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների նպատակն է էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների, այդ թվում՝ բուսատեսակների և կենդանատեսակների պաշարների պահպանության, պաշտպանության, վերարտադրության միջոցառումների և օգտագործման մեխանիզմների գիտական հիմնավորումը, մասնավորապես՝
1) կենսաբանական բազմազանության տեսակային կազմի, տարածվածության, քանակի, աճելավայրերի, ապրելավայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների ուսումնասիրումը․
2) կենսաբանական պաշարների օգտագործման ենթակա թույլատրելի չափաքանակների գիտական հիմնավորումը և դրանց ողջամիտ օգտագործման մեխանիզմների մշակումը․
3) պահպանության տարբեր ռեժիմների պայմաններում գիտահետազոտական հիմնարկների, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, իրավաբանական անձանց և համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձանց կողմից բուսատեսակների և կենդանատեսակների էկոլոգիական առանձնահատկությունների բացահայտումը․
4) կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության և վերարտադրության արդյունավետ մեթոդների ու միջոցառումների վերաբերյալ առաջարկների մշակումը․
5) տարածքագործառնական գոտիավորման վերաբերյալ առաջարկների մշակումը․
6) տարածքի կենսաբանական բազմազանության մասին տվյալների բազայի ստեղծումը:
2. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների թեմատիկ ուղղվածությունները սահմանվում են զարգացման (կառավարման) պլանով:
3. Բնության հատուկ պահպանվող տարածքներն ուսումնասիրող սուբյեկտներն են՝
1) գիտահետազոտական հիմնարկները․
2) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները․
3) իրավաբանական անձինք, որոնց կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտների, էկոհամակարգերի մշտադիտարկումը և ուսումնասիրությունը, կամ որոնք պայմանագրեր են կնքել կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտների կամ էկոհամակարգերի ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ (ներառյալ աշխատանքային պայմանագրերը)․
4) ֆիզիկական անձինք, որոնք ունեն ոլորտում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության կազմակերպման համապատասխան մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ: