Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ազգային պարկ՝ մարդու գործունեության արդյունքով փոփոխությունների ենթարկված, սակայն մեկ կամ մի քանի ամբողջական անխաթար էկոհամակարգեր ընդգրկող ընդարձակ տարածք, որն ընդգրկում է արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական (կայուն օգտագործման) տարածքագործառնական գոտիներ, որտեղ ներկայացված են բույսերի և կենդանիների աճելավայրերի կամ ապրելավայրերի, գեոմորֆոլոգիական օբյեկտների առկայությամբ տվյալ տարածաշրջանին բնորոշ լանդշաֆտներ, ունի հատուկ գիտական, կրթական, հոգևոր, ռեկրեացիոն և զբոսաշրջային նշանակություն, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ․
2) ազգային պարկի տարածքագործառնական գոտի՝ էկոհամակարգային և լանդշաֆտային առանձնահատկությունների հիման վրա՝ ազգային պարկի սահմաններում առանձնացված տարածք, որում սահմանվում են պահպանության և օգտագործման տարբեր ռեժիմներ՝ համաձայն սույն օրենքի, ազգային պարկի զարգացման (կառավարման) պլանի և կանոնադրության.
3) ազգային պարկի ռեկրեացիոն գոտի՝ ազգային պարկի սահմաններում առանձնացված տարածք, որը նախատեսված է բնական լանդշաֆտների, էկոհամակարգերի, բնական և մշակութային ժառանգության, բնապատմական և գեղագիտական արժեք ներկայացնող օբյեկտների պահպանության և բնականոն զարգացման համար, որտեղ միաժամանակ կարելի է կազմակերպել այցելուների հանգստի (այդ թվում՝ համապատասխան հողամասերը վարձակալությամբ տրամադրելու միջոցով), շրջակա միջավայրի ուսումնասիրության (գիտահետազոտական ուսումնասիրությունների) և բնապահպանական կրթության սպասարկման ծառայություններ՝ պահպանելով կենսաբազմազանությունը և էկոլոգիական հավասարակշռությունը․
4) ազգային պարկի տնտեսական (կայուն օգտագործման) գոտի՝ ազգային պարկի սահմաններում առանձնացված տարածք, որը նախատեսված է տարածքին բնորոշ արժեքավոր բուսատեսակների և կենդանատեսակների պահպանության, վերարտադրության, էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության վերականգնման, բնական պաշարների կայուն օգտագործման և ազգային պարկի կանոնադրությամբ սահմանված պահպանության ռեժիմով չարգելված այլ տնտեսական գործունեության իրականացման համար՝ ազգային պարկի ստեղծման ընդհանուր նպատակներին համապատասխան․
5) արգելավայր (այդ թվում՝ ազգային պարկի արգելավայրային գոտի)՝ բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների, դրանց պոպուլյացիաների աճելավայրերի և ապրելավայրերի պահպանության և վերականգնման անհրաժեշտության դեպքում առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են նաև մարդու սահմանափակ միջամտությամբ, և այն օգտագործվում է գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացման, բուսական, կենդանական ու բնական օբյեկտների վերարտադրության, շարունակական օգտագործման, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի նպատակներով, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ․
6) արգելոց (այդ թվում՝ ազգային պարկի արգելոցային գոտի)՝ բնական հատկություններով և էկոլոգիական, երկրաբանական, ֆիզիկաաշխարհագրական կամ այլ առանձնահատկություններով պահպանվող տարածք, որտեղ բնական երևույթների զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության, և որն օգտագործվում է միայն գիտական ուսումնասիրությունների և մշտադիտարկման, էկոլոգիական զբոսաշրջության, էկոլոգիական կրթության և դաստիարակության, ինչպես նաև պահպանության ու կրթական միջոցառումների կազմակերպման համար, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ․
7) այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք (OECM)՝ բնության հատուկ պահպանվող տարածք չհանդիսացող աշխարհագրորեն սահմանված տարածք, որի նկատմամբ չի կիրառվում բնության հատուկ պահպանվող տարածքների համար սույն օրենքով սահմանված հատուկ պահպանության և օգտագործման ռեժիմ, սակայն որի կառավարման, տնօրինման կամ օգտագործման շնորհիվ ապահովվում են կենսաբազմազանության բնական միջավայրում պահպանության դրական, կայուն և երկարաժամկետ արդյունքներ, ներառյալ էկոհամակարգերի կառուցվածքի, գործառույթների, էկոհամակարգային ծառայությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանց հետ կապված բնապահպանական և այլ արժեքների պահպանումը․
8) արժեքավոր բնական էկոհամակարգ՝ բնապահպանական տեսակետից արժեք ներկայացնող աշխարհագրական տարածք, որն իր բնական առանձնահատկությունների պատճառով ունի առանձնահատուկ նշանակություն, և որի գնահատման ու առանձնացման համար հիմք են հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով, համաձայնագրերով և ծրագրերով առանձնացված բնական էկոհամակարգերը: Արժեքավոր բնական էկոհամակարգերի շարքին կարող են դասվել նաև այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածքները․
9) արժեքավոր բնական էկոհամակարգի զարգացման (կառավարման) պլան՝ պաշտոնական պլանային փաստաթուղթ, որով որոշակի ժամանակահատվածի համար սահմանվում են արժեքավոր բնական էկոհամակարգի պահպանության, վերականգնման, կայուն օգտագործման, մշտադիտարկման և կառավարման հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները և միջոցառումները․
10) անտառպարկ՝ բնապահպանական, ռեկրեացիոն, առողջարարական, գեղագիտական և ճանաչողական արժեք ունեցող անտառածածկ տարածք, որը նախատեսված է բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության և լանդշաֆտային առանձնահատկությունների պահպանման պայմաններում բնակչության հանգստի, զբոսաշրջության և բնաճանաչողական այցելությունների կազմակերպման համար․
11) անտառպարկի կանոնադրություն՝ պաշտոնական կարգավորող փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ անտառպարկի իրավական կարգավիճակը, ստեղծման նպատակը, պաշտոնական անվանումը, բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության և լանդշաֆտային առանձնահատկությունների պահպանության, օգտագործման, այցելությունների կազմակերպման և կառավարման ընդհանուր պայմաններն ու առանձնահատկությունները․
12) բնական օբյեկտ՝ բնական էկոհամակարգեր, բնական լանդշաֆտներ և դրանց բաղադրիչներ, որոնք պահպանել են իրենց բնական հատկությունները․
13) բնապատմական բնության հուշարձան՝ երկրաբանական, ջրաերկրաբանական և կենսաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող բնական օբյեկտներ և դրանց համալիրներ, որոնք ներդաշնակորեն կապված են պատմամշակութային հուշարձանների և դրանց համալիրների, բնակատեղիների կամ պատմական իրադարձությունների ու ավանդազրույցների հետ․
14) բնության հատուկ պահպանվող տարածք՝ հողի, մակերևութային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի և համապատասխան օդային ավազանի՝ բնական միջավայրերի երկարաժամկետ պահպանության համար սույն օրենքով սահմանված կարգով առանձնացված տարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջային, գեղագիտական արժեք են ներկայացնում, և որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ․
15) բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստր՝ տեղեկատվության և փաստաթղթերի անընդհատ լրացվող համահավաք, որը ներառում է բնության հատուկ պահպանվող տարածքների աշխարհագրական տեղաբաշխման, սահմանների, պահպանության ռեժիմի, կենսաբանական բազմազանության հաշվառման ու վիճակի, բուսական և կենդանական պաշարների ու դրանց օգտագործման ձևերի, գիտական, տնտեսական, սոցիալական և պատմամշակութային արժեքների քանակական ու որակական բնութագրերի վերաբերյալ համադրելի թվային և փաստաթղթային տվյալներ․
16) բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլան՝ պաշտոնական պլանային փաստաթուղթ, որով որոշակի ժամանակահատվածի համար սահմանվում են բնության հատուկ պահպանվող տարածքի (բացառությամբ բնության հուշարձանների) պահպանության, վերականգնման, կայուն օգտագործման և զարգացման հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները և միջոցառումները․
17) բնության հատուկ պահպանվող տարածքների մշտադիտարկում՝ էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների որակական և քանակական ցուցանիշների, վիճակի ռեժիմային դիտարկումների, մարդածին և ոչ մարդածին ազդեցությունների գնահատման, արագ արձագանքման ու զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ․
18) բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրություն՝ պաշտոնական կարգավորող փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի (բացառությամբ բնության հուշարձանի) իրավական կարգավիճակը, ստեղծման նպատակը, պաշտոնական անվանումը, հատուկ պահպանության օբյեկտները, մուտքի, օգտագործման և կառավարման ընդհանուր պայմանները և առանձնահատկությունները․
19) բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործում՝ բնապահպանական, գիտական, կրթական, հանգստի, զբոսաշրջային և այլ նպատակներով բնության հատուկ պահպանվող տարածքների՝ բնական համակարգերի, բնական ռեսուրսների և օբյեկտների օրենքով սահմանված կարգով օգտագործումը՝ բնապահպանական պահանջներին և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման ռեժիմին համապատասխան․
20) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում՝ գործառույթների համակցություն, որն ապահովում է բնության հատուկ պահպանվող տարածքների պաշտպանությունը, վերականգնումը և կայուն օգտագործումը՝ նպաստելով դրանց պահպանությանը․
21) կառավարող սուբյեկտ՝ սույն օրենքով սահմանված կարգով բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն, տեղական ինքնակառավարման մարմին կամ իրավաբանական անձ․
22) բնության հուշարձան՝ եզակի, գիտական, գիտաճանաչողական, բնապատկերային, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտի կամ համալիրի բնական վիճակի պահպանության նպատակով առանձնացված տարածք, որն օգտագործվում է գիտական ուսումնասիրությունների, մշտադիտարկման, գիտակրթական, մշակութային միջոցառումների, զբոսաշրջության և ռեկրեացիայի իրականացման նպատակներով, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ․
23) բուսաբանական այգի՝ գիտահետազոտական, կրթական և մշակութային նշանակության տարածք, որտեղ ստեղծվում և ուսումնասիրվում են համաշխարհային ֆլորայի բազմազանությունը ներկայացնող կենդանի հավաքածուներ․
24) բուսաբանական այգու կանոնադրություն՝ պաշտոնական կարգավորող փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ բուսաբանական այգու իրավական կարգավիճակը, ստեղծման նպատակը, պաշտոնական անվանումը, կենդանի հավաքածուների ձևավորման, պահպանության, համալրման, ուսումնասիրման, վերարտադրության և օրենքով սահմանված կարգով օգտագործման ընդհանուր պայմաններն ու առանձնահատկությունները, ինչպես նաև կառավարման կազմակերպման հիմքերը․
25) դենդրոպարկ՝ բաց գրունտի պայմաններում աճող գեղազարդ ծառերի, թփերի և փաթաթվող բնափայտային բույսերով ձևավորված այգի, որը ստեղծվում է ոչ բնական պայմաններում տեղական և ներմուծված ծառաթփային բույսերի կենդանի հավաքածուների պահպանությունը, վերարտադրությունն ու օրենքով սահմանված կարգով օգտագործումն ապահովելու նպատակով․
26) դենդրոպարկի կանոնադրություն՝ պաշտոնական կարգավորող փաստաթուղթ, որով սահմանվում են տվյալ դենդրոպարկի իրավական կարգավիճակը, ստեղծման նպատակը, պաշտոնական անվանումը, բույսերի կենդանի հավաքածուների պահպանության, համալրման, ուսումնասիրման, վերարտադրության և օրենքով սահմանված կարգով օգտագործման ընդհանուր պայմաններն ու առանձնահատկությունները, ինչպես նաև կառավարման կազմակերպման հիմքերը․
27) երկրաբանական բնության հուշարձան՝ երկրաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են հրաբխային (հրաբխային կոներ, խառնարաններ, լավային ծածկոցներ, քարանձավներ), տեկտոնական (կամարածալքեր, աններդաշնակություններ, մակերեսային պատռվածքներ, շերտագրական, օգտակար հանածոներ, հազվագյուտ հանքանյութեր), արտածին (հողմահարման և տեղատարման հետևանքով առաջացած ռելիեֆի յուրահատուկ ձևեր՝ կիրճեր, մնացորդային բուրգեր, քարափներ, վիհեր, հողմային խորշեր, քարայրներ, թունելներ, կամուրջներ, քարե քանդակներ), հնէաբանական (բրածո բույսերի և կենդանիների մնացորդներ, քարացուկներ, դրոշմներ կամ մերկացումներ) և նստվածքային (շերտագրական՝ զանգվածային անհետացման վկայություններ)․
28) էկոլոգիական զբոսաշրջություն՝ բնության ճանաչողությանն ուղղված զբոսաշրջության ձև, որն օժանդակում է բնական և մշակութային ժառանգության պահպանությանը, բնակչության էկոլոգիական կրթության, դաստիարակության, ինչպես նաև իրազեկվածության բարձրացմանը․
29) էկոլոգիական հավասարակշռություն՝ բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների, բնական երևույթների և մարդածին գործոնների դինամիկ հավասարակշռություն, որն ապահովում է էկոհամակարգի երկարատև և կայուն գոյատևումը․
30) էկոլոգիական միջանցք՝ էկոլոգիական ցանցի գործառնական բաղադրիչ, որը նպատակաուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների և արժեքավոր բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության, դրանց էկոհամակարգերի կայունության, պահպանության, բույսերի տարածվածության, կենդանիների տեղաշարժի, կենդանատեսակների և բուսատեսակների ապրելավայրերի և աճելավայրերի պահպանությանը, հողի և կենսառեսուրսների կայուն օգտագործմանը, ինչպես նաև էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովմանը․
31) էկոլոգիական ցանց՝ էկոլոգիական միջանցքներով փոխկապակցված տարբեր կատեգորիաների պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքների և արժեքավոր բնական էկոհամակարգերի համակարգ, որն ապահովում է բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ գործունեությունը, էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը և դրա բաղադրիչների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունն ու կենդանիների անարգել տեղաշարժն ու միգրացիան․
32) էկոհամակարգ՝ բույսերի, կենդանիների, սնկերի, միկրոօրգանիզմների համակեցությունների և անկենդան միջավայրի համալիր, որի բաղադրիչները փոխազդում են որպես միասնական գործառնական ամբողջություն․
33) էկոհամակարգի բաղադրիչներ՝ էկոհամակարգերի կենդանի (միկրոօրգանիզմներ, սնկեր, բույսեր, կենդանիներ) և անկենդան (հող, ջուր, մթնոլորտային օդ, ջերմաստիճան, լույս և այլ ֆիզիկաքիմիական պայմաններ) միջավայրի փոխկապակցված տարրերի առանձին միավորներ․
34) լանդշաֆտ՝ աշխարհագրական թաղանթի տեղամաս, որի բնույթը բնական և մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք է, և որի համասեռ բնական հատվածները բնորոշվում են ուրույն երկրաբանական կառուցվածքի, ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի և կենդանական աշխարհի ամբողջականությամբ․
35) կենսաբանական բազմազանություն՝ բնական էկոհամակարգերի կենդանի բաղադրիչների՝ միկրոօրգանիզմների, սնկերի, բույսերի, կենդանիների, դրանց պոպուլյացիաների, համակեցությունների, ինչպես նաև դրանց աճելավայրերի և ապրելավայրերի հետ փոխկապակցված բազմազանություն, որը ներառում է բազմազանությունը մեկ տեսակի շրջանակներում, տեսակների միջև և էկոհամակարգերի մակարդակում․
36) կենսաբանական բնության հուշարձան՝ կենսաբանական ծագման եզակի, գիտական և գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած հազվագյուտ, անհետացող, ռելիկտային բույսերի տեսակներ և դրանց բնական պոպուլյացիաներ, բնական աճելավայրերում հանդիպող երկարակյաց ծառեր, ինչպես նաև հազվագյուտ և անհետացող կենդանիների բնադրավայրեր․
37) կենսաբանական պաշար՝ կենսաբազմազանությունը կազմող բոլոր կենդանի օրգանիզմների, դրանց գենետիկական նյութի, տեսակների, պոպուլյացիաների, էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների ամբողջությունը, որոնք կարող են ունենալ տնտեսական, էկոլոգիական, գիտական, առողջապահական, մշակութային և այլ արժեք․
38) կենսոլորտային տարածք՝ որոշակի սահմաններում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ տարածքային կայուն և ինտեգրված զարգացմանը միտված միավորում, որը կարող է ստեղծվել Կառավարության կամ երկու և ավելի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ կենսաբազմազանության պահպանությանը, տնտեսության կայուն զարգացմանը, դրա սահմաններում բնակչության բարեկեցության բարձրացմանը նպաստելու համար, որը պետք է ճանաչվի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակներում և ներառվի կենսոլորտային տարածքների համաշխարհային ցանցում՝ որպես մարդու և բնության միջև կայուն փոխազդեցության օրինակելի ձև․
39) կենսոլորտային տարածքի զարգացման (կառավարման) պլան՝ պաշտոնական փաստաթուղթ, որով սահմանվում են կենսոլորտային տարածքի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գործողություններ որոշակի ժամանակահատվածում․
40) կենսոլորտային տարածքի կենտրոնական գոտի (միջուկ)՝ կենսոլորտային տարածքի կանոնադրությամբ սահմանված, պահպանության իրավական կարգավորում ունեցող արժեքավոր բնական էկոհամակարգեր ընդգրկող տարածք, որտեղ բնական երևույթների զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության, և այն օգտագործվում է միայն գիտական ուսումնասիրությունների և մշտադիտարկման իրականացման, էկոլոգիական զբոսաշրջության, էկոլոգիական կրթության և դաստիարակության համար․
41) կենսոլորտային տարածքի պահպանման գոտի՝ կենսոլորտային տարածքի կանոնադրությամբ սահմանված, բնական ռեսուրսների օգտագործման իրավական կարգավորում ունեցող տարածք, որը մեղմում է կենտրոնական գոտու վրա պահպանման գոտուց բխող ուղղակի ազդեցությունը․
42) կենսոլորտային տարածքի անցումային գոտի՝ կենսոլորտային տարածքի կանոնադրությամբ սահմանված, կայուն զարգացման ռազմավարություն որդեգրած տարածք․
43) հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ հանրապետության համար եզակի էկոհամակարգեր, բուսատեսակներ և կենդանատեսակներ ընդգրկող բնության հատուկ պահպանվող տարածք, որի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ենթակայության տակ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կամ սույն օրենքով նախատեսված դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի կողմից․
44) շահագրգիռ կողմեր՝ բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների, արժեքավոր բնական էկոհամակարգերի, էկոլոգիական ցանցի, էկոլոգիական միջանցքի և կենսոլորտային տարածքի կառավարման խնդիրներին առնչվող պետական կառավարման համակարգի մարմիններ, տարածքային կառավարման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական և իրավաբանական անձինք․
45) պահպանման գոտի՝ բնության հատուկ պահպանվող տարածքը շրջապատող, բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ, զարգացման (կառավարման) պլանով, իսկ բնության հուշարձանի դեպքում՝ անձնագրով սահմանված տարածք, որտեղ սահմանվում է օգտագործման այնպիսի ռեժիմ, որը թույլ է տալիս բնության հատուկ պահպանվող տարածքի էկոլոգիական համակարգերին և դրանց բնականոն զարգացմանը չվնասող հողային, շինարարական և տնտեսական գործունեության իրականացում․
46) պահպանվող լանդշաֆտ՝ մարդու գործունեության և բնական միջավայրերի փոխազդեցության հետևանքով ժամանակի ընթացքում ձևավորված բնապահպանական, մշակութային, գեղագիտական արժեք ներկայացնող առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ, և այն օգտագործվում է գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մշտադիտարկման իրականացման, էկոլոգիական կրթության և դաստիարակության, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման, պատմամշակութային օբյեկտների վերականգնման, հողօգտագործման ավանդական ձևերի զարգացման նպատակներով, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ.
47) ջրաերկրաբանական բնության հուշարձան՝ հրաբխային, տեկտոնական, ամբարտակային և սառցադաշտային ծագման եզակի, գիտական և բալնեոլոգիական արժեք ներկայացնող առանձին բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են հանքային և քաղցրահամ ջրերի բնական ելքեր (աղբյուրներ), կարստային քարանձավներ, կիրճեր, կանյոններ, առանձին վերցրած ջրային օբյեկտներ, որոնք իրենց հերթին լինում են հրաբխային, տեկտոնական, սողանքային և սառցադաշտային ծագման լիճ, ջրվեժ, խոնավ տարածքներ.
48) տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ մեկ կամ մի քանի համայնքների վարչական սահմաններում գտնվող, համայնքային կարևորություն ունեցող էկոհամակարգերի, բուսատեսակների և կենդանատեսակների պահպանության անհրաժեշտության դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստեղծված պահպանվող լանդշաֆտ, որի կառավարումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները․
49) թույլատրելի գործունեության և սպասարկման վճար՝ բնության հատուկ պահպանվող տարածքում սույն օրենքով և տվյալ տարածքի պահպանության ու օգտագործման ռեժիմով թույլատրված գործունեության իրականացման, ինչպես նաև այդ գործունեության շրջանակներում կառավարող սուբյեկտի կողմից մատուցվող ծառայությունների և ենթակառուցվածքների սպասարկման դիմաց գանձվող վճար, բացառությամբ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման համար նախատեսված վճարների, ինչպես նաև բնական ռեսուրսների օգտագործման համար օրենքով սահմանված վճարների: