Հոդված 4. Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման դեպքերը
Հոդված 4. Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման դեպքերը
1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են հետևյալ դեպքերում․
1) երբ տարածքը, ջրատարածքը, բնական համալիրը, էկոհամակարգը, լանդշաֆտը կամ բնական օբյեկտն ունեն հատուկ բնապահպանական, գիտական, կրթական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական կամ այլ պահպանական արժեք և ենթակա են հատուկ պահպանության․
2) երբ անհրաժեշտ է ապահովել կենսաբանական բազմազանության, լանդշաֆտների, բնական էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերականգնումը, վերարտադրությունը և կայուն օգտագործումը․
3) երբ անհրաժեշտ է ապահովել բնական էկոհամակարգերի կայունությունը, էկոլոգիական հավասարակշռությունը և բնական գործընթացների բնականոն ընթացքը․
4) երբ տարածքն էական նշանակություն ունի կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմման, հարմարվողականության բարձրացման տեսանկյունից:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված դեպքերը գնահատվում են գիտական հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա:
3. Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները (բացառությամբ բնության հուշարձանների) ստեղծվում են Կառավարության որոշմամբ:
4. Հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներն ստեղծվում են պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա, իսկ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա:
5. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքն ստեղծվում է համայնքի ավագանու որոշմամբ՝ կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների շրջանակում՝ նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:
6. Բնության հատուկ պահպանվող տարածքի սահմանների կրճատումը, կատեգորիայի փոփոխությունը կամ հատուկ պահպանության ռեժիմի դադարեցումը կարող են իրականացվել միայն գիտական հիմնավորման, բնապահպանական հետևանքների գնահատման, հանրային քննարկման արդյունքների, տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանի, իսկ բնության հուշարձանի դեպքում՝ անձնագրի տվյալների և լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված փոփոխությունները կատարվում են տվյալ բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման, ցանկի հաստատման կամ ստեղծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմնի իրավական ակտով, իսկ տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի դեպքում՝ համայնքի ավագանու որոշմամբ՝ նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ: