Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքը սահմանում է ոլորտային հետևյալ հիմնական հասկացությունները.

1) տոհմային անասնաբուծություն` սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծում, տոհմանյութի արտադրություն և օգտագործում.

2) տոհմանյութ` տոհմային կենդանի, սերմնահեղուկ (սպերմա), սաղմ, ձվաբջիջ, ձու, մեղվի մայրապտուկ, ձկնկիթ.

3) տոհմային կենդանի՝ բուծման նպատակով օգտագործվող գյուղատնտեսական մաքրացեղ կենդանի, որը տոհմային անասնաբուծության ոլորտում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված է տոհմային կենդանիների պետական ռեեստրում․

4) տոհմային արժեք` տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը և դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա.

5) բոնիտավորում` հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկությունների, ինչպես նաև տոհմանյութի գնահատում և դասակարգում.

6) տոհմային վկայական (անձնագիր)՝ սահմանված նմուշի փաստաթուղթ, որով հաստատվում են տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը և տոհմային արժեքը, ինչպես նաև սաղմի և սերմնահեղուկի ծագումը, տոհմային արժեքը և այլ հատկանիշներ․

7) տոհմային գրանցում` տոհմային արժեք ներկայացնող կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի ու նրանց խմբերի տոհմային կարգավիճակի ամրագրում.

8) տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձ` սելեկցիոն նպատակով տոհմային կենդանիներ բուծող և տոհմանյութ արտադրող ու օգտագործող, ինչպես նաև տոհմային անասնաբուծության ոլորտում տոհմային ծառայություն մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր.

9) տոհմային կենդանիների մթերատվություն` տոհմային կենդանիների տնտեսական օգտակար հատկությունների և նրանցից ստացվող արտադրանքի քանակական ու որակական ցուցանիշների ամբողջություն.

10) մաքրացեղ բուծում` միևնույն ցեղին պատկանող կենդանիների բուծում` այդ ցեղին բնորոշ հատկությունների կայունացման նպատակով.

11) տոհմային կենդանիների պետական գրանցում` տոհմային կենդանիների վերաբերյալ տեղեկատվության գրանցում համապատասխանաբար պետական տոհմային գրքում և տոհմային կենդանիների պետական ռեեստրում տոհմային կենդանիների նույնականացման, ծագման որոշման և մթերատվության հաստատման նպատակով․

12) գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրք` որևէ ցեղի բարձր մթերատու տոհմային կենդանիների կամ հոտերի, նախիրների և երամակների տվյալների հավաքածու.

13) տոհմային կենդանիների պետական ռեեստր՝ տվյալների շտեմարան, որը պարունակում է տեղեկություններ տոհմային կենդանիների և տոհմային հոտերի մասին.

14) տոհմային անասնաբուծական տնտեսություն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, որոնք զբաղվում են տոհմային կենդանիների բուծմամբ, դրանց արտադրողականության և տոհմային հատկանիշների բարելավմամբ, վաճառքով, փորձարկմամբ, ինչպես նաև կենդանիների արհեստական սերմնավորմամբ և սաղմերի փոխպատվաստմամբ․

15) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն․

16) տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակի վկայական՝ լիազոր մարմնի կողմից տրվող փաստաթուղթ, որը հավաստում է անասնաբուծական տնտեսության տոհմային լինելը․

17) տոհմային անասնաբուծական տնտեսության տոհմային կարգավիճակ՝ լիազոր մարմնի հավաստում տոհմային անասնաբուծական տնտեսության՝ տոհմային լինելու մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։