Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-03-ից մինչև 2026-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻՆ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 6. Պեստիցիդների պետական գրանցումը և վերագրանցումը

գործել է մինչև 2026-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 6. Պեստիցիդների պետական գրանցումը և վերագրանցումը

(վերնագիրը խմբ. 15.11.24 ՀՕ-460-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող պեստիցիդները պարտադիր ենթակա են պետական գրանցման (այսուհետ՝ գրանցում), բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների:

2. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդները գրանցվում են ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով: Կառավարությունը սահմանում է պեստիցիդների պարզեցված ընթացակարգով գրանցման իրականացման դեպքերը։

3. Պեստիցիդների գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը։

4. Լիազոր մարմինը պեստիցիդների ընդհանուր ընթացակարգով գրանցումն իրականացնում է հայտը ներկայացնելուց հետո՝ քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարզեցված ընթացակարգով՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հայտում կամ հայտին կից՝ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված փաստաթղթերում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքերում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները երկարաձգվում են 10 աշխատանքային օրով:

6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված պեստիցիդների գրանցումն իրականացվում է ընդհանուր ընթացակարգով: Պեստիցիդների գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը.

1) պեստիցիդի առևտրային անվանումը, ազդող նյութը, դրա տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և թույլատրելի շեղումները, համագործիչ և օժանդակ նյութերը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում, պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը).

2) պեստիցիդի ծախսի նորման, օգտագործման ժամկետը, եղանակը և առանձնահատկությունները, մշակվող օբյեկտը, վնասակար օրգանիզմը, մշակումների քանակը, սպասման ժամկետը, կիրառման սահմանափակումները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.

3) պեստիցիդի հիգիենիկ նորմատիվները (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժինը, հողում թույլատրելի սահմանային քանակը, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակը, աշխատանքային գոտում օդում թույլատրելի սահմանային քանակը, մթնոլորտային օդում թույլատրելի քանակը և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում).

4) պեստիցիդի քիմիական փորձաքննության, ազդող նյութի մնացորդային քանակների որոշման մեթոդիկաները, պեստիցիդների ազդող նյութի բյուրեղային տիպօրինակը (ստանդարտը), եթե տվյալ նյութի փորձաքննության մեթոդիկաներով բյուրեղային տիպօրինակն անհրաժեշտ է.

5) պեստիցիդի թունունակությունը ոչ նպատակային տեսակների համար (ձկներ, թռչուններ, մեղուներ, հողի միկրոօրգանիզմներ և այլն).

6) պեստիցիդի ազդեցությունը վերարտադրողականության վրա.

7) պեստիցիդի մուտագեն, ալերգիկ, ուռուցքածին և մաշկագրգիռ, տերատոգեն, գոնադատոքսիկ, սաղմնաթունային հատկությունները.

8) պեստիցիդի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը.

9) սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ պեստիցիդի պիտակի նկարագիրը.

10) տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում դրանց երկու տարվա անընդմեջ դաշտային և լաբորատոր փորձարկման արդյունքների մասին, որը տրամադրում են քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտով սահմանված գիտական և կրթական կազմակերպությունները՝ քաղաքականություն մշակող լիազոր մարմնի հաստատած ձևին համապատասխան։

7. Օտարերկրյա պետություններում արտադրված պեստիցիդները գրանցվում են հետևյալ ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով.

1) ընդհանուր ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝

ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-9-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,

բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ.

2) պարզեցված ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝

ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-4-րդ և 9-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,

բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում պեստիցիդի ընդգրկվածության վերաբերյալ, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի։

8. Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կայացնում է տվյալ պեստիցիդը գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում և թղթային կամ էլեկտրոնային տարբերակով երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճորեն տեղեկացնում է հայտատուին:

9. Լիազոր մարմինը պեստիցիդների գրանցումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում պեստիցիդների գրանցման փաթեթը վերադարձնում է հայտատուին։ Գրանցումը մերժվում է, եթե`

1) պեստիցիդի ազդող նյութը կամ համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում.

2) հայտատուն սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները.

3) պեստիցիդը գրանցված չէ արտադրող երկրում, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքի հիման վրա պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդի։

10. Պեստիցիդի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով։

11. Պեստիցիդները ենթակա են վերագրանցման, եթե գրանցման ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել, և պեստիցիդի ազդող, համագործիչ, օժանդակ նյութերի բաղադրությունը և դրանց տոկոսային հարաբերությունը չեն փոփոխվել: Պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդների դեպքում վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան, իսկ ընդհանուր ընթացակարգով գրանցված պեստիցիդների դեպքում՝ ընդհանուր ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան։

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված վերագրանցումը կատարվում է այն դեպքում, երբ վերագրանցման պահին պեստիցիդը արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքի հիման վրա պարզեցված ընթացակարգով գրանցված պեստիցիդի։

(6-րդ հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-240-Ն, փոփ. 04.03.20 ՀՕ-125-Ն, լրաց. 15.06.23 ՀՕ-220-Ն, խմբ. 15.11.24 ՀՕ-460-Ն)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։