Հոդված 39. Քրեակատարողական ծառայությունից ազատելը
Հոդված 39. Քրեակատարողական ծառայությունից ազատելը
1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունից ազատվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.
3) սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
4) առողջական վիճակի պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.
5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
6) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.
7) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.
8) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.
9) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու, ինչպես նաև երկու տարի անընդմեջ հատուկ ուսուցման և (կամ) քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքով բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում.
9.1) սույն օրենքի 20.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերելու, հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու կամ սույն օրենքի 20.1-ին հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կրկնակի ատեստավորման համար չդիմելու դեպքում.
10) քրեակատարողական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված նախածննդյան ու հետծննդյան և երեխային խնամելու համար արձակուրդը.
12) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում.
13) հանրային պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.
14) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.
15) ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:
1.1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված հիմքով ծառայողն ազատվում է քրեակատարողական ծառայությունից, եթե քրեակատարողական ծառայությունում առկա հնարավորությունների սահմաններում ծառայողին առաջարկվել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ ծառայողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:
2. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:
3. Քրեակատարողական ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
4. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու քրեակատարողական ծառայողի լիազորությունները:
(39-րդ հոդվածը փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-14-Ն, լրաց. 03.10.23 ՀՕ-305-Ն, խմբ. 16.01.24 ՀՕ-26-Ն, լրաց. 03.07.26 ՀՕ-308-Ն)
(03.10.23 ՀՕ-305-Ն օրենքն ունի անցումային դրույթ)