Հոդված 272.3. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի բովանդակությունը
Հոդված 272.3. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի բովանդակությունը
1. Հետադարձ հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), հետադարձ հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, դրա գումարը, հատուկ բանկային հաշվի տվյալները, վճարումների կատարման ժամկետը, տրամադրման ձևը, նպատակային ուղղվածության դեպքում՝ նպատակը, պայմանագրից բխող վճարային պարտավորությունների, ներառյալ տույժերի, տուգանքների և այլ լրացուցիչ վճարների հաշվարկման կարգը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պարտավորության մարման հիմքերը:
2. Հետադարձ հիփոթեքի առարկան որոշվում է պայմանագրում դրա անվանման և նույնականացման համար բավարար նկարագրությամբ (անշարժ գույքի միավորի հասցե, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համար կամ անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիր):
3. Հետադարձ հիփոթեքի առարկա կարող է լինել գրավատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ բնակարանը, բնակելի տունը, այգետնակը կամ ամառանոցը, որը հետադարձ հիփոթեքի պայմանագրի կնքման պահին ծանրաբեռնված չէ երրորդ անձանց իրավունքներով: Ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքը հետադարձ հիփոթեքի պայմանագրի առարկա կարող է հանդիսանալ այն դեպքում, երբ համատեղ սեփականության բոլոր մասնակիցները հասել են օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքին, և այդ անշարժ գույքը նրանց պատկանում է ամուսնու բացառիկ սեփականության իրավունքով:
4. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը պետք է ունենա անբաժանելի մաս կազմող հավելված, որտեղ պետք է նկարագրվի պայմանագիր կնքելու պահին պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի փաստացի վիճակն առնվազն հետևյալ տվյալներով.
1) արտաքին հարդարումը՝ յուրաքանչյուր կողմի համար առանձին (նշելով կիրառված նյութերի տեսակները).
2) ներքին հարդարումը՝ դռներ, պատուհաններ, հատակ, առաստաղ, պատեր (նշելով կիրառված նյութերի տեսակները).
3) լուսանկարների փաթեթը՝ արտաքին լուսանկարներ անշարժ գույքի միավորի բոլոր կողմերից՝ հնարավորության դեպքում, ներքին լուսանկարներ՝ առնվազն մեկ լուսանկար անշարժ գույքի յուրաքանչյուր սենյակից:
5. Գրավառուն, հանդիսանալով հետադարձ հիփոթեքով ապահովված պարտավորության (հիմնական պարտավորության) կրողը, այդ պարտավորությամբ գրավ դրված գույքի արժեքից գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ իր դրամական պահանջները բավարարելու նախապատվության իրավունք ունի:
6. Հետադարձ հիփոթեքի պայմանագիրը պարտադիր պետք է պարունակի դրույթ առ այն, որ սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով սահմանված հիմքի առաջացման պահից, իսկ նույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից գրավառուն իրավունք ունի առանց դատարան դիմելու օրենքով սահմանված կարգով բռնագանձում տարածելու պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ և այն իրացնելու: