Անցնել բովանդակությանը

Հոդված 272.8. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով գրավառուի իրավունքներն ու պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 272.8. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով գրավառուի իրավունքներն ու պարտականությունները

1. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում գրավառուն պարտավոր է՝

1) hետադարձ հիփոթեքի պայմանագիր կնքելուց առնվազն 10 օր առաջ ապահովել գրավատուի պարտադիր խորհրդատվությունը՝ վերջինիս համար հասկանալի լեզվով և, մանրամասն ներկայացնելով պայմանագրի պայմանները, դրանց իրավական և ֆինանսական հետևանքները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կիրառելի տոկոսադրույքը, ինչպես նաև տարեկան սպասարկման, հաշվի սպասարկման, ապահովագրության, գույքի գնահատման և այլ հնարավոր վճարները, ծախսերը, որի՝ անցկացված լինելու և ներկայացված տեղեկատվությանը ծանոթանալու փաստը գրավատուն հաստատում է գրավոր հայտարարությամբ՝ ստորագրությամբ.

2) պահպանել սույն մասի 1-ին կետով նախատեսված գրավոր հայտարարությունը.

3) տարեկան մեկ անգամ գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով) տրամադրել գրավատուին հաշվետվություն պայմանագրով առաջացած պարտավորության մնացորդի, հաշվարկի հիմքերի և կատարված վճարումների վերաբերյալ.

4) նախքան հետադարձ հիփոթեքի պայմանագիր կնքելը, իսկ սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում այդ պահից վեցամսյա ժամկետում իրականացնել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատում՝ «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

5) սույն օրենսգրքի 272.9-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետում գրավատուի իրավահաջորդի կողմից գրավատուի՝ գրավառուի հանդեպ մինչև 272.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությունն ունեցած պարտավորությունները չմարելու և պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը ձեռք չբերելու դեպքում նշված ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում, իրացնել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը.

6) սույն օրենսգրքի 272.9-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում, գանձելով պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով, այդ թվում՝ պայմանագրով նախատեսված լրացուցիչ ծախսերը, վճարները, տույժերն ու տուգանքները, մնացորդի առկայության դեպքում այն վերադարձնել գրավատուին, նրա մահվան դեպքում՝ իրավահաջորդներին՝ օրենքով սահմանված կարգով.

7) hետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ողջ ընթացքում ապահովագրել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը՝ պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածում նկարագրված վիճակով, ինչպես նաև պայմանագրի կատարման հետ կապված բանկային գործունեության ռիսկերը (այդ թվում՝ գրավատուի կյանքի ապահովագրությունը, բացասական կապիտալի ապահովագրությունը):

2. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում գրավառուն իրավունք ունի՝

1) սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով սահմանված հիմքի առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով առանց դատարան դիմելու պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու և իրացնելու՝ սույն օրենսգրքի 272.9-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված պահանջի պահպանմամբ.

2) սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով առանց դատարան դիմելու պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու և իրացնելու.

3) պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածով պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկարագրված վիճակն ստուգելու նպատակով անարգել մուտք գործելու պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույք աշխատանքային օրերին՝ նախապես՝ առնվազն 24 ժամ առաջ գրավատուին տեղեկացնելու պայմանով.

4) պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածով պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկարագրված վիճակի ակնհայտ վատթարացման դեպքում կազմելու համեմատական վերլուծություն և դիմելու ապահովագրական ընկերություն՝ պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի հավելվածում նկարագրված վիճակը վերականգնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։