Հոդված 272.9. Հետադարձ հիփոթեքի կիրառման առանձնահատուկ կարգավորումները
Հոդված 272.9. Հետադարձ հիփոթեքի կիրառման առանձնահատուկ կարգավորումները
1. Հետադարձ հիփոթեքի պայմանագրի գործողության ողջ ընթացքում պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը՝ պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածում նկարագրված վիճակով, ենթակա է պարտադիր ապահովագրության:
2. Հետադարձ հիփոթեքի պայմանագիր կնքելուց առաջ պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը ենթակա է պարտադիր գնահատման՝ «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, նշված դեպքերում կազմված յուրաքանչյուր գնահատման հաշվետվություն հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված և պարտադիր ենթակա է ստուգման՝ «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող մասնագիտական հանձնաժողովի կողմից:
3. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով հետադարձ հիփոթեքի տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող բնակարանային հիփոթեքային վարկերի փաստացի տարեկան նվազագույն տոկոսադրույքը:
4. Հետադարձ հիփոթեքով տրամադրված գումարի նկատմամբ տոկոսները պայմանագրի գործողության ողջ ընթացքում կուտակվում են և չեն մարվում ընթացիկ վճարումներով մինչև պայմանագրի դադարեցման հիմքերի առաջացումը: Հետադարձ հիփոթեքով տրամադրված գումարի տոկոսադրույքները հաստատուն են:
5. Հետադարձ հիփոթեքի պայմանագրով գրավատուի կամ նրա իրավահաջորդների պարտավորությունները չեն կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի իրացումից ստացված դրամական միջոցների չափը (ոչ ռեգրեսային պատասխանատվությունը):
6. Եթե գույքի իրացումից ստացված գումարը գերազանցում է պարտքի (ներառյալ պայմանագրով նախատեսված տոկոսների և ծախսերի) չափը, ապա մնացորդը վերադարձվում է գրավատուին, իսկ նրա մահվան դեպքում՝ իրավահաջորդներին՝ օրենքով սահմանված կարգով:
7. Եթե գույքի իրացումից ստացված գումարը բավարար չէ գոյացած պարտավորության ամբողջական (ներառյալ պայմանագրով նախատեսված տոկոսների և ծախսերի) կատարման համար, ապա մնացած մասը չի կարող բռնագանձվել գրավատուից կամ նրա իրավահաջորդներից այլ գույքի հաշվին, և պարտավորությունը համարվում է ավարտված՝ իրացումից ստացված գումարի չափով:
8. Սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում գրավատուի իրավահաջորդը գրավատուի մահվան օրվանից մինչև վեցամսյա ժամկետում կարող է ամբողջությամբ մարել գրավառուի հանդեպ գրավատուի՝ մինչև 272.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությունն ունեցած պարտավորությունները և ձեռք բերել պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը:
9. Պայմանագրի գործողության ողջ ընթացքում պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը չի կարող հանդիսանալ հայցի ապահովման միջոց՝ գրավատուի՝ երրորդ անձանց նկատմամբ ունեցած պարտավորությունների կապակցությամբ:
10. Սույն օրենսգրքի 272.6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում գրավառուն պետք է հանդիսանա այդ գործարքի կողմը: Գրավատուի կողմից պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի վաճառքի դեպքում վաճառքի դիմաց ստացվելիք գումարը պարտադիր փոխանցվում է գրավառուի կողմից տրված համաձայնագրում նշված հատուկ բանկային հաշվին:»: