Հոդված 9
Հոդված 9.
Հավատարմագրման խորհուրդը
1. Հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Հավատարմագրման ազգային մարմնի կառավարման բարձրագույն մարմինն է, որը կազմված է 7 անդամներից` 4 շահագրգիռ պետական կառավարման մարմինների և (կամ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 3 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որոնք նշանակվում են 3 տարի ժամկետով:
2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:
3. Հավատարմագրման ազգային մարմնի տնօրենը չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:
6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Խորհուրդը`
1) տեխնիկական կոմիտեների արձանագրությունների հիման վրա Հավատարմագրման ազգային մարմնի ղեկավարի ներկայացմամբ կայացնում է հավատարմագրման վերաբերյալ որոշում.
2) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ոլորտի զարգացման ռազմավարությունը` նպատակ ունենալով զարգացնել այն Եվրամիության և միջազգային լավագույն փորձին ներդաշնակ, սահմանում է հավատարմագրման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարությունը.
3) քննարկում, հաստատում և հրապարակում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեության (այդ թվում` ֆինանսական) տարեկան հաշվետվությունը.
4) քննարկում և հաստատում է Հավատարմագրման ազգային մարմնի տարեկան ծրագիրը և բյուջեն.
5) ընտրում է Հավատարմագրման ազգային մարմնի աուդիտն իրականացնող մարմին.
6) Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմնի ներկայացմամբ հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների գործունեության կարգը.
7) հաստատում է հավատարմագրման վկայագրերի և համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.
8) սահմանում է հավատարմագրման նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը.
9) Հավատարմագրման ազգային մարմնին հավատարմագրման ոլորտում քաղաքականության իրականացման խնդիրների հետ կապված խորհրդատվություն է տրամադրում.
10) հաստատում է հավատարմագրման գործընթացում ընդգրկվող փորձագետների (ներառյալ` օտարերկրյա փորձագետների և գնահատողների) ցանկը.
11) Հավատարմագրման ազգային մարմնի գործունեության հետ կապված բողոքները քննարկելու համար ստեղծում է բողոքարկման հանձնաժողով.
12) (կետն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-43-Ն)
13) (կետն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-43-Ն)
14) օրենքով սահմանված կարգով հաստատում է Հավատարմագրման ազգային մարմնի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը.
15) իրականացնում է Հավատարմագրման ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորություններ:
(9-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-43-Ն)