Հոդված 8
Հոդված 8.
Հավատարմագրման ազգային մարմինը
1. Հավատարմագրման ազգային մարմինը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Հավատարմագրման ազգային մարմնի անվանումն է «Հավատարմագրման ազգային մարմին»: Այն պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ունի իրավաբանական անձի կարգավիճակ:
3. Հավատարմագրման ազգային մարմինը Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմիններ հավատարմագրող միակ մարմինն է:
4. Հավատարմագրման ազգային մարմինը`
1) կառուցվածքով անկախ է իր կողմից գնահատվող համապատասխանության գնահատման մարմիններից ու առևտրային ճնշումներից և ապահովում է շահերի բախման բացառումը համապատասխանության գնահատման մարմինների հետ.
2) ապահովում է իր գործողությունների օբյեկտիվությունը և անաչառությունը.
3) ապահովում է, որ հավատարմագրման վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կայացվի իրավասու անձանց կողմից, որոնք չեն մասնակցել համապատասխանության գնահատման գործընթացին.
4) ունի համապատասխան ընթացակարգեր` ստացված տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար.
5) սահմանում է համապատասխանության գնահատման գործունեության այն տեսակը, որն իրավասու է գնահատելու (անհրաժեշտության դեպքում հղում կատարելով համապատասխան օրենքներին) այլ իրավական ակտերը և ստանդարտները.
6) մշակում է արդյունավետ կառավարման և ներքին ստուգման իրականացման համապատասխան ընթացակարգեր.
7) իր պարտականությունների պատշաճ կատարման համար ունի բավարար թվով իրավասու աշխատակիցներ.
8) փաստաթղթերով հիմնավորում է գնահատման և համապատասխանության հավաստման որակի վրա ազդեցություն ունեցող աշխատակիցների պարտականությունները և իրավունքները.
9) մշակում, կիրառում և պահպանում է աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքների և իրավասության գնահատման ընթացակարգերը.
10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվում են պատշաճ ձևով` խուսափելով ավելորդ ծանրաբեռնվածությունից` հաշվի առնելով կազմակերպության չափը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, արտադրության ծավալը և սերիական բնույթը.
11) հրատարակում է աուդիտի տարեկան հաշվետվությունը` կազմված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
(8-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն)