Հոդված 95. Ֆոնդի և (կամ) կառավարչի գովազդը
Հոդված 95. Ֆոնդի և (կամ) կառավարչի գովազդը
1. Կառավարիչը պարտավոր է իր կամ իր կողմից կառավարվող ֆոնդի վերաբերյալ գովազդի ձևով հրապարակվող տեղեկատվությունը ոչ ուշ, քան դրա հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, բացառությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդին կամ դրա կառավարմանն առնչվող գովազդ համարվող ցանկացած տեղեկատվության բովանդակությունը նախապես համաձայնեցնել Կենտրոնական բանկի հետ` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Սույն մասով սահմանված կենսաթոշակային ֆոնդի կամ դրա կառավարմանն առնչվող գովազդ համարվող ցանկացած տեղեկատվության բովանդակություն Կենտրոնական բանկ ներկայացնելու և համաձայնությունը տալու կամ մերժելու մասին կենսաթոշակային ֆոնդի կառավարչին տեղեկացնելու կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
2. Ֆոնդի վերաբերյալ ցանկացած գովազդ, հայտարարություն կամ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) առաջարկին և (կամ) վաճառքին ուղղված ցանկացած գործողություն, փաստաթուղթ (այդ թվում` ազդագիր) կամ տեղեկատվության փոխանցման այլ միջոց պետք է հստակ տեսանելի և այլ տեղեկատվությունից առանձնացող նշում պարունակի այն մասին, որ ֆոնդը և նրա կառավարիչը չեն կարող երաշխավորել ֆոնդի կողմից հռչակված ֆոնդի նպատակների ձեռքբերումը: Սույն մասով նախատեսված տեղեկատվության փոխանցման միջոցը չպետք է պարունակի որևէ պնդում, որը հակասում է ազդագրում պարունակվող որևէ տեղեկատվության կամ նվազեցնում է դրա նշանակությունը, և պետք է նշում պարունակի ազդագրի առկայության և այն մասին, թե ինչպես ներդրողները կամ պոտենցիալ ներդրողները կարող են այդ փաստաթուղթը ձեռք բերել կամ ծանոթանալ դրան:
3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող կառավարչի վերաբերյալ ցանկացած գովազդ կամ հայտարարություն պետք է նշում պարունակի նրա` պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լինելու մասին:
4. Կառավարիչներին արգելվում է գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ իրենց անունից արված որևէ հայտարարության մեջ`
1) օգտագործել ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ ակտիվների կառավարչի վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ կառավարչի և (կամ) նրա կողմից կառավարվող ֆոնդերի ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ.
2) երաշխավորել իր կողմից կառավարվող ֆոնդերի ակտիվների կանխատեսված կամ ակնկալվող աճ, ինչպես նաև վճարման ենթակա շահաբաժինների, կուտակային կենսաթոշակների կանխատեսված գումարների չափերը.
3) չհիմնավորված կամ ապակողմնորոշիչ խոստումների միջոցով ազդել անձի վրա` նրան դրդելով ընտրել տվյալ ակտիվների կառավարչին.
4) օգտագործել անբարեխիղճ մրցակցության մեթոդներ` նշելով այլ կառավարիչների և (կամ) ֆոնդերի ցանկացած թերություններ` անկախ այն հանգամանքից, թե այդ տեղեկություններն իրականում հավաստի են, թե ոչ: