Հոդված 180. Սեռավարակով անզգուշությամբ վարակելը
Հոդված 180. Սեռավարակով անզգուշությամբ վարակելը
1. Մեկ ուրիշին սեռավարակով հանցավոր ինքնավստահությամբ վարակելը`
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) հղի կնոջ նկատմամբ,
2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ
3) անչափահասի նկատմամբ՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն հոդվածով, սույն օրենսգրքի 177-րդ, 178-րդ կամ 179-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարելու համար, եթե սեռական հարաբերության զուգընկերն իմացել է նրա մոտ վարակի առկայության մասին և տվել է սեռական հարաբերություն ունենալու՝ գիտակցված և կամավոր համաձայնություն: