Հոդված 200. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ
Հոդված 200. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ
1. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձի նկատմամբ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ, 198-րդ կամ 199-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները`
պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ,
2) մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
3) մի խումբ անձանց կողմից կամ
4) առանձին դաժանությամբ՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ
2) անզգուշությամբ առաջացրել է առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք`
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
4. Սույն հոդվածով նախատեսված սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, միևնույն անձի կողմից միևնույն անձի նկատմամբ մեկից ավելի անգամ կատարելը որակվում է որպես մեկ հանցագործություն: