Հոդված 47. Հանցակիցների քրեական պատասխանատվությունը
Հոդված 47. Հանցակիցների քրեական պատասխանատվությունը
1. Համակատարողները ենթակա են քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով: Վտանգավոր հետևանքները մեղսագրվում են բոլոր համակատարողներին, եթե նրանց դիտավորության մեջ ընդգրկված է եղել այդ հետևանքների առաջացումը՝ անկախ նրանից, թե կոնկրետ ում արարքից են առաջացել այդ հետևանքները: Եթե համակատարողների հանցագործությունն ավարտին չի հասնում իրենց կամքից անկախ հանգամանքներով, ապա, սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածից բացի, հղում է կատարվում նաև սույն օրենսգրքի 43-րդ կամ 44-րդ հոդվածին:
2. Կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը ենթակա են քրեական պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի՝ իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով` հղում կատարելով սույն օրենսգրքի 46-րդ հոդվածին: Սույն օրենսգրքի 46-րդ հոդվածին հղում չի կատարվում, եթե կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը մասնակցել են հանցագործությանը նաև որպես համակատարող:
3. Կատարողի կողմից իրենից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար:
4. Եթե հանցագործությունը կազմակերպելուն, դրդելուն կամ օժանդակելուն ուղղված արարքները չեն հաջողվում անձի կամքից անկախ հանգամանքներով, ապա նա պատասխանատվություն է կրում իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար, եթե կատարվել է հանցագործության օբյեկտիվ կողմի մի մասը:
5. Հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության հանցագործության միայն այն ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքների համար, որոնք գիտակցվել են նրանց կողմից: Եթե դիտավորյալ հանցագործության ծանրացնող հանգամանք է անզգուշությամբ վտանգավոր հետևանքներ առաջացնելը, ապա հանցակիցներն այդ ծանրացնող հանգամանքի համար ենթակա են պատասխանատվության այն դեպքում, երբ այդ հետևանքների նկատմամբ առկա է նրանց անզգուշությունը: