Հոդված 86. Հղի կնոջ կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձի պատժի կատարումը հետաձգելը
Հոդված 86. Հղի կնոջ կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձի պատժի կատարումը հետաձգելը
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)
1. Մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման կամ ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված հղի կնոջ կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձի նկատմամբ նշանակված պատժի կատարումը կարող է հետաձգվել մինչև երեխայի 6 տարեկան դառնալը, եթե դատարանը համարում է, որ պատժի նպատակներին հասնելու համար պատիժն անմիջապես կատարելն անհրաժեշտ չէ:
2. Պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները.
1) անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,
2) պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,
3) հանցանք կատարածի անձը,
4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայությունը կամ այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթե հանցագործությամբ վնաս է պատճառվել:
3. Պատժի կատարումը հետաձգելու մասին որոշում կայացնելու դեպքում պատժի հետաձգված ժամկետը համարվում է փորձաշրջան, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո և պարտավոր է կատարել դատարանի որոշմամբ սահմանված, սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունները:
4. Պատժի կատարումը հետաձգելու մասին որոշում կայացնելիս դատարանն անձի վրա դնում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը: Դատարանը կարող է այնպիսի պարտականություններ դնել հղի կնոջ կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձի վրա, որոնք իրագործելի են նրա կողմից:
5. Այն դեպքում, երբ հղի կինը կամ խնամքին մինչև 6 տարեկան երեխա ունեցող անձը խուսափում է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը: Փորձաշրջանի ընթացքում նոր հանցանք կատարելու դեպքում դատարանն անձի նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:
6. Եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել կամ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվությունից կամ պատժից չի ազատվել, ապա դատարանը պատիժ է նշանակում հանցագործությունների համակցության համար պատիժ նշանակելու՝ սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված կարգով: Եթե հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը, ապա դատարանը, ղեկավարվելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պայմաններով, կարող է որոշում կայացնել պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ:
7. Եթե հղի կինն ընդհատում է հղիությունն առանց դրա ընդհատման համար օրենքով սահմանված բժշկական ցուցումների կամ հրաժարվում է երեխայից կամ նրան հանձնում է մանկատուն կամ խուսափում է նրան խնամելուց և դաստիարակելուց, ապա դատարանը դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ վերացնում է պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը:
8. Երեխայի մահվան դեպքում դատարանը չի վերացնում պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը, եթե փորձաշրջանի ընթացքում անձը բարեխղճորեն կատարել է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները:
9. Եթե պատժի կատարումը հետաձգելու վերաբերյալ որոշումը սույն հոդվածով նախատեսված որևէ հիմքով չի վերացվում, ապա փորձաշրջանն ավարտվելուց հետո անձն ազատվում է պատժի կրումից:
(86-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)