Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
Հոդված 83. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով
1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) 5 տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում.
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում.
4) 20 տարի՝ առանձնապես ծանր հանցանքի դեպքում:
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը:
3. Տևող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելուն հաջորդող օրվանից, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելուն հաջորդող օրվանից:
4. Չավարտված հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցագործության նախապատրաստություն կամ հանցափորձ համարվող արարքը դադարելու պահից:
5. Հանցակցությամբ հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կատարողի կողմից հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները:
6. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր հանցանք: Այդ դեպքում յուրաքանչյուր հանցագործության համար վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքն ավարտվելու պահից:
7. (մասն ուժը կորցրել է 25.03.26 ՀՕ-115-Ն)
8. Վաղեմության ժամկետ չի կիրառվում այն հանցանքների կապակցությամբ, որոնց համար սույն օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է նաև ցմահ ազատազրկումը:
9. Սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 450-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում` անկախ հանցանքի կատարման պահից:
10. Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված:
11. Սույն օրենսգրքի 189-րդ, 198-202-րդ, 241-րդ կամ 242-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է հանցագործությունից տուժած անձի 18 տարին լրանալու պահից:
(83-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն, 25.03.26 ՀՕ-115-Ն)