Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-06-ից մինչև 2026-07-24։Բացել գործող տեքստը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 31 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 259. Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով

գործել է մինչև 2026-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 259. Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով

1. Խաբեության, վստահությունը չարաշահելու կամ կեղծ տեղեկություն տարածելու կամ ապօրինի այլ եղանակով մեկ ուրիշին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը, որը դրսևորվել է բաց թողնված օգուտի, գույքի մաշվածության կամ հարկադրված ծախսեր կատարելու ձևով՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

3) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։