Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-02-ից մինչև 2024-02-06։Բացել գործող տեքստը
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 24 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 129. Հարկադիր լուծարման կատարումը

գործել է մինչև 2024-02-06Բացել ARLIS-ում

Հոդված 129. Հարկադիր լուծարման կատարումը

1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված հարկադիր լուծարման կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը:

2. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պրոբացիայի ծառայությունն այն անհապաղ ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:

3. Իրավաբանական անձի հարկադիր լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-70-րդ հոդվածներով սահմանված կանոններով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման կարգը, լուծարման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:

5. Հարկադիր լուծարված իրավաբանական անձի գույքը՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, փոխանցվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին, բաժնետերերին կամ փայատերերին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:

6. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից իրավաբանական անձի կամավոր լուծարումը կամ վերակազմակերպումն արգելվում է: Այդպիսի իրավաբանական անձի կողմից այնպիսի գործարք կամ կապակցված մի քանի գործարքներ իրականացնելը (բացառությամբ այն գործարքների, որոնց կատարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պարտադիր է), որը կարող է հանգեցնել տվյալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվետվություններում առկա տվյալների հիման վրա որոշված ակտիվների 25 տոկոսից ավելի չափով ուղղակի կամ անուղղակի գույք ձեռք բերելուն կամ այդ չափով գույք օտարելուն, կարող է իրականացվել միայն Պրոբացիայի ծառայության թույլտվությամբ:

7. Եթե առկա է իրավաբանական անձի՝ որպես պարտապանի մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթ, ապա քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգվում է մինչև սնանկության վարույթի ավարտը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում Պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան՝ քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգելու կամ արդեն իսկ հետաձգված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը վերացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։