Հոդված 7. Արտաքին ազդարարումը և արտաքին ազդարարման վարույթը
Հոդված 7. Արտաքին ազդարարումը և արտաքին ազդարարման վարույթը
1. Արտաքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իրավասու մարմին հաղորդում ներկայացնելով:
2. Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի աշխատակցին, ապա ազդարարումը կատարվում է իրավասու մարմնի ղեկավարին: Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի ղեկավարին, ապա այն ներկայացվում է իրավասու մարմնի վերադաս մարմնի ղեկավարին: Իրավասու մարմնի վերադաս մարմնի բացակայության դեպքում հաղորդումը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կամ համապատասխան մարմնի հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողով (առկայության դեպքում):
3. Իրավասու մարմինը՝
1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.
3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.
4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.
5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.
7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
5. Եթե հաղորդումը ներկայացվել է ոչ իրավասու մարմին, ապա հաղորդում ստացած մարմինը եռօրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու մարմնին՝ ծանուցելով ազդարարին:
6. Արտաքին ազդարարում չի համարվում նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:
7. Եթե ազդարարը համաձայնություն չի տվել իր անձնական տվյալները բացահայտելու վերաբերյալ, ապա մարմինը, որն ստացել է ազդարարի ներկայացրած հաղորդումը և իրավասու չէ վարույթ հարուցելու, պարտավոր է մինչև հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելը ստանալ ազդարարի նախնական համաձայնությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ազդարարի համաձայնության բացակայության դեպքում հաղորդումն ուղարկվում է ըստ ենթակայության՝ առանց ազդարարի անձնական տվյալները բացահայտելու:
8. Արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է:
8.1. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:
9. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմինը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:
10. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:
(7-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-201-Ն, խմբ., լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)