Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 7. Արտաքին ազդարարումը և արտաքին ազդարարման վարույթը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Արտաքին ազդարարումը և արտաքին ազդարարման վարույթը

1. Արտաքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից նախարարություն միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով տվյալներ ներկայացնելու կամ անանուն եղանակով ազդարարելով:

2. Այն դեպքում, երբ արտաքին ազդարարումը ներկայացվել է այլ մարմին կամ պաշտոնատար անձին, տվյալ մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է տեղեկացնել ազդարարումը ներկայացրած անձին արտաքին ազդարարումը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնելու անհրաժեշտության մասին և ապահովել համապատասխան ուղղորդումը։

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված կոռուպցիոն բնույթի դեպքի, փողերի լվացման և ահաբեկչական գործունեության ֆինանսավորման վերաբերյալ, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումների վերաբերյալ ազդարարումների հաշվառումը, քննարկումը, իրենց իրավասության շրջանակներում միջոցների ձեռնարկումը, հիմքերի առկայության դեպքում՝ համապատասխան վարույթի հարուցումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը։

4. Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան հաղորդման շրջանակներում ամփոփում և հրապարակում է ազդարարման հետ կապված հաշվետվությունը և վիճակագրությունը։

5. Նախարարությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից չհաշվառված ազդարարումները և դրանք վերահասցեագրում է ըստ իրավասության օրենքով սահմանված կարգով հաշվառելու կամ համապատասխան վարույթ հարուցելու նպատակով։

6․ Հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված ազդարարումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, եթե ազդարարմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ազդարարումն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այն վերահասցեագրում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:

8. Վարույթ իրականացնող մարմինը՝

1) ապահովում է ազդարարման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.

2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում ազդարարման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.

3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.

4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ստացված տեղեկությունների իսկությունն ստուգելու նպատակով.

5) իր իրավասության շրջանակներում ստացված տեղեկությունների իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.

6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.

7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.

9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

10. Արտաքին ազդարարում չի համարվում նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:

11. Արտաքին ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքում ընդունվում է համապատասխան ակտ, որն ընդունվելու պահից եռօրյա ժամկետում ծանուցվում է ազդարարին:

12․ Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:

13. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով ազդարարումը ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմինը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:

14․ Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:

15. Վարույթն իրականացնող մարմինն ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով իրեն հասանելի և իր իրավասությանն առնչվող ազդարարումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:

16. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(7-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-201-Ն, խմբ., լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-346-Ն)

(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

(03.07.26 ՀՕ-346-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։