Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-23-ից մինչև 2020-06-27։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ԵՎ ԲԱՑԱՐԿԸ

Հոդված 29. Ինքնաբացարկ և բացարկ ներկայացնելու և լուծելու կարգը

գործել է մինչև 2020-06-27Բացել ARLIS-ում

Հոդված 29. Ինքնաբացարկ և բացարկ ներկայացնելու և լուծելու կարգը

1. Առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև նախնական դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում՝ մինչև բողոքի քննությունն սկսվելը: Եթե գործը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քննվում է առանց նախնական դատական նիստ հրավիրելու, դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև գործի քննության ավարտը:

2. Նախնական դատական նիստի ավարտից հետո մինչև դատաքննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել նախնական դատական նիստի ավարտից հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել:

3. Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում բողոքի քննությունն սկսվելուց հետո մինչև բողոքի քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել բողոքի քննությունն սկսվելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել:

4. Բացարկը հայտնվում է գրավոր, որին կարող են կցվել դատավորի ինքնաբացարկի հիմքերը հաստատող ապացույցները:

5. Նույն հիմքով հայտնված բացարկը ենթակա չէ քննության, եթե չի ներկայացվել բացարկի հիմքը հիմնավորող նոր ապացույց:

6. Ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է դատավորը: Եթե գործը քննվում է դատավորների կոլեգիալ կազմով, և բացարկ է հայտնվել դատավորներից մեկին կամ մեկից ավելի դատավորների կամ դատական ամբողջ կազմին, ապա յուրաքանչյուր դատավոր լուծում է իրեն հայտնված բացարկի հարցը:

7. Ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով:

8. Դատավորն ինքնաբացարկի կամ բացարկի հարցը քննելու արդյունքով կայացնում է որոշում, որում շարադրվում են ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերը: Որոշումը հրապարակվում է դատական նիստի ընթացքում: Որոշումը հրապարակելուց հետո անմիջապես հանձնվում կամ ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

9. Ինքնաբացարկ հայտնելու կամ բացարկը բավարարվելու դեպքում բացարկված դատավորը փոխարինվում է, և գործի քննությունն սկսվում է սկզբից:

10. Դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։