Հոդված 426. Դատական ակտի վերանայման բողոքի քննության կարգը
Հոդված 426. Դատական ակտի վերանայման բողոքի քննության կարգը
1. Նոր երևան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները վերանայման կարգով գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:
2. Դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում է գործում առկա ապացույցները:
3. Դատական ակտի վերանայման բողոքի հիմքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով դատարանը գնահատում է հետազոտված ապացույցները և կարող է հաստատված համարել նոր փաստ, եթե հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
⚖Հոդված 427. Դատական ակտը վերանայող դատարանի լիազորությունները
1. Դատարանը, պարզելով սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով կամ 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը, բեկանում է վերանայվող դատական ակտը և ուղարկում համապատասխան դատարան` նոր քննության, եթե չկա այն փոփոխելու հնարավորություն:
2. Դատարանը սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում կարող է չբեկանել վերանայվող դատական ակտը, միայն եթե հիմնավորում է, որ այն ըստ էության չէր կարող ազդել գործի ելքի վրա:
3. Դատարանը, բեկանելով վերանայվող դատական ակտը, փոփոխում է այն, եթե գործով հաստատված փաստերը հնարավորություն են տալիս առանց գործի նոր քննության կայացնելու նոր դատական ակտ:
4. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի համապատասխանաբար 381-րդ և 406-րդ հոդվածների պահանջները:
5. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան: