Հոդված 61. Ապացուցելուց ազատվելու հիմքերը
Հոդված 61. Ապացուցելուց ազատվելու հիմքերը
1. Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն:
2. Նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:
4. Նոտարական գործողության արդյունքով նոտարի հաստատած փաստն ապացուցման ենթակա չէ, եթե նոտարական կարգով վավերացված փաստաթղթի իսկությունը վիճարկված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով, կամ նոտարական գործողությունը չի ճանաչվել ոչ իրավաչափ` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
5. Գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ`
1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.
2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով.
3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:
6. Գործին մասնակցող անձի կողմից հաշտարարության ընթացքում որևէ փաստի ընդունումը չի կարող հիմք հանդիսանալ դատավարության ընթացքում այդ փաստը հաստատված համարելու համար։
⚖Հոդված 62. Ապացուցման պարտականությունը
1. Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
2. Գործին մասնակցող անձի պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստը ժխտող անձի վրա չի կարող դրվել այդ փաստի բացակայությունն ապացուցելու պարտականություն, բացառությամբ սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը: Պարտավորությունը ոչ պատշաճ կատարված լինելու փաստը պետք է ապացուցի այդ փաստը վկայակոչող գործին մասնակցող անձը:
4. Եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել:
5. Գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը՝ գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:
6. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը: