Հոդված 58. Ապացույցի վերաբերելիությունը
Հոդված 58. Ապացույցի վերաբերելիությունը
1. Վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:
2. Դատարանը հետազոտում և գնահատում է միայն այն ապացույցները, որոնք, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի պահանջը, կարող են հաստատել կամ ժխտել գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստերը:
⚖Հոդված 59. Ապացույցի թույլատրելիությունը
1. Փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
2. Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:
⚖Հոդված 60. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի (ապացուցման առարկայի) շրջանակը որոշելը
1. Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
2. Գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման: