Հոդված 106. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները
Հոդված 106. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները
1. Վկաների, փորձագետների, մասնագետների, թարգմանիչների` դատարան ներկայանալու ճանապարհածախսը ենթակա է հատուցման։ Նրանց վճարվում են նաև օրապահիկ և գիշերավարձ։ Բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում հատուցվում է միայն ճանապարհածախսը։
2. Զբաղվածություն չունեցող վկային և մասնագետին վճարվում է փոխհատուցում` ժամանակի կորստի համար` ելնելով ժամանակի փաստացի կորստի և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափերից, իսկ աշխատող վկային փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատաժամանակի հաշվարկին համապատասխան:
3. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին և սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո։ Վկաների, փորձագետների և թարգմանիչների պարտականությունների կատարման ավարտի օր է համարվում տվյալ գործով նշանակված վերջին դատաքննության օրը:
4. Դատարանը վկաների, փորձագետների, մասնագետների և թարգմանիչների կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում, կայացնում է որոշում՝ վճարում կատարելու անհրաժեշտության մասին և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ:
5. Դատական դեպարտամենտը վճարումը կատարում է ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ստանալուց 20 օր հետո` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին:
6. Վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին օրապահիկի, գիշերավարձի և ճանապարհածախսի վճարումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծառայողական գործուղման չափորոշիչները։
⚖Հոդված 107. Գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները
1. Փաստաբանի ծախսը վճարում է նրան ներգրաված գործին մասնակցող անձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաև փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները:
3. Այն դեպքում, երբ հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, և դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա սույն հոդվածով նախատեսված ծախսերը սույն օրենսգրքով սահմանված կարգով ողջամիտ չափով բռնագանձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, որի վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը:
4. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
5. Սույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի չեն առնվում դատական ակտերի նախագծեր պատրաստելու համար փաստաբանին վճարված գումարները: