Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-08-20-ից մինչև 2022-12-26։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ԱՐԲԻՏՐԱԺԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 333. Դիմումին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2022-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 333. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Դիմումի մեջ պետք է նշվեն՝

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.

2) վեճը քննող արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.

3) արբիտրաժային վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

4) այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել դատարան դիմելու համար՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այն դրույթների վկայակոչմամբ, որոնք նախատեսում են հայցվող գործառույթների իրականացումը դատարանի կողմից.

5) դիմողի պահանջը:

2. Հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը պետք է բավարարի նաև սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

3. Արբիտրի բացարկի մասին որոշում ընդունելու խնդրանքով աջակցության վերաբերյալ դիմումի մեջ պետք է նաև նշվեն տեղեկություններ բացարկվող արբիտրի վերաբերյալ:

4. Արբիտրաժային վարույթին առնչվող փաստաթղթերը կամ ապացույցներն արբիտրաժին կամ արբիտրաժային վարույթի կողմերին տրամադրելուն պարտավորեցնելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նաև նշվեն՝

1) այն անձի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը, որի վրա դատարանի որոշմամբ պետք է դրվի փաստաթղթեր կամ ապացույցներ տրամադրելու պարտականություն,

2) արբիտրաժային վարույթի այն կողմի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը, որի նկատմամբ պետք է կատարվի այդ պարտականությունը,

3) արբիտրաժային վարույթի կողմերին կամ արբիտրաժին տրամադրման ենթակա փաստաթղթերի ցանկը:

5. Ապացույցներ ձեռք բերելու հարցում օժանդակելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նաև նշվեն տեղեկություններ այն ապացույցների վերաբերյալ, որոնք ձեռք բերելու հարցում ակնկալվում է դատարանի աջակցությունը, ինչպես նաև ակնկալվող աջակցության եղանակը: Լսումներին վկայի ներկայությունն ապահովելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն նաև՝ վկայի անունը, նրա հաշվառման վայրի հասցեն:

6. Դիմումին կից ներկայացվում են՝

1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին արբիտրաժի որոշման պատշաճ ձևով վավերացված պատճենը, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմում,

2) արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը, իսկ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերից մեկով արբիտրաժային համաձայնություն կնքելու դեպքում` դրա կնքված լինելու մասին ապացույցի բնօրինակը կամ պատշաճ ձևով վավերացված պատճենը,

3) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի՝ վճարված լինելը հավաստող փաստաթուղթ,

4) դիմումի պատճենն արբիտրաժային վարույթի մյուս կողմին հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվել է հայցի ապահովման միջոցներ կիրառելու, արբիտրաժային վարույթին առնչվող փաստաթղթերը կամ ապացույցներն արբիտրաժին կամ արբիտրաժային վարույթի կողմերին տրամադրելուն պարտավորեցնելու կամ ապացույցներ ձեռք բերելու հարցում օժանդակելու վերաբերյալ դիմում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված փաստաթղթերի պատճենները կարող են վավերացվել մշտապես գործող արբիտրաժի նախագահի կողմից, իսկ եթե արբիտրաժը ձևավորվել է կոնկրետ վեճը լուծելու համար (ad hoc` ադ հոք)՝ նոտարական կարգով:

8. Արբիտրաժային վարույթին առնչվող փաստաթղթերը կամ ապացույցներն արբիտրաժին կամ արբիտրաժային վարույթի կողմերին տրամադրելուն պարտավորեցնելու, ապացույցներ ձեռք բերելուն օժանդակելու վերաբերյալ արբիտրաժային վարույթի մասնակցի կողմից ներկայացված դիմումին կցվում է նման դիմումով դատարան դիմելու համար արբիտրաժային դատարանի համաձայնությունը:

9. Սույն օրենսգրքի 332-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին՝ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։