Հոդված 335. Դիմումի քննության արդյունքով կայացվող դատական ակտը
Հոդված 335. Դիմումի քննության արդյունքով կայացվող դատական ակտը
1. Դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝
1) արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.
2) արբիտրաժային վարույթի կողմերի անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը.
3) դատարան դիմելու հիմք հանդիսացող հանգամանքները՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այն դրույթների վկայակոչմամբ, որոնք նախատեսում են հայցվող գործառույթների իրականացումը դատարանի կողմից.
4) դատարանի եզրահանգումը՝ դիմումը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ դիմումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին՝ այն շարժառիթների մատնանշմամբ, որոնցով դատարանը բավարարել կամ մերժել է դիմողի պահանջները:
3. Արբիտրի նշանակման մասին որոշում ընդունելու վերաբերյալ դիմումը բավարարող որոշման մեջ պետք է նշվեն տեղեկություններ նշանակված արբիտրի վերաբերյալ:
4. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
5. Դիմումի քննության արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:
6. Դատարանի՝ կատարում ենթադրող որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ներկայացվում է հարկադիր կատարման դիմում:
(335-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԵՆԹԱԲԱԺԻՆ ՎԵՑԵՐՈՐԴ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)