Հոդված 403. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով
Հոդված 403. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով
1. Վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
2. Վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղեկացվում են միայն բողոքի քննության արդյունքով կայացվելիք դատական ակտի հրապարակման օրվա մասին:
3. Գրավոր ընթացակարգով վճռաբեկ բողոքի քննության ընթացքում զեկուցող դատավորը կազմում է Վճռաբեկ դատարանի որոշման նախագիծը, որը գործի նյութերի հետ տրամադրվում է Վճռաբեկ դատարանի մյուս դատավորներին:
4. Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա զեկուցող դատավորը կարող է լրամշակել որոշման նախագիծը:
5. Վճռաբեկ դատարանի որոշման նախագծի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակվելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունվելու դեպքում զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
6. Եթե քվեարկության արդյունքով զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած դատավորների կազմից և նրանց կողմից որոշված դատավորը:
⚖Հոդված 404. Վճռաբեկության սահմանները
1. Վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Վճռաբեկ դատարանը կաշկանդված չէ բողոք բերած անձի պահանջով:
3. Վճռաբեկ դատարանը կաշկանդված չէ վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձի փաստական կամ իրավական դիրքորոշմամբ: