Հոդված 215. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումին ներկայացվող պահանջները
Հոդված 215. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումին ներկայացվող պահանջները
1. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է`
1) տեղեկություններ՝ վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրի և ժամանակի մասին.
2) վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմած անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
3) տեղեկություններ այն անձի մասին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը.
4) այն օրենքի դրույթները, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար.
5) հայցվորի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։
2. Իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումին կցվում են վարչական իրավախախտման մասին արձանագրությունը և արձանագրությանը կցվող փաստաթղթերը։
3. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է`
1) տեղեկություններ՝ հայցադիմումը ներկայացնելու համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրի և ժամանակի մասին.
2) հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթները.
3) հայցվորի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին։
3.1.
4. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կուսակցությունների դաշինքի կամ քարոզչության կողմի հայցադիմումը, ի լրումն սույն հոդվածի 3-րդ մասով ներկայացվող պահանջների և սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկատվության փոխարեն, ներառում է`
1) կուսակցության դաշինքի ներկայացրած հայցադիմումի դեպքում՝ կուսակցության դաշինքի անվանումը, լիազոր ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալները, բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից).
2) քարոզչության կողմի ներկայացրած հայցադիմումի դեպքում՝ քարոզչության կողմի լիազոր ներկայացուցչի վերաբերյալ անձնական տվյալները, բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից):
(215-րդ հոդվածը լրաց. 07.09.18 ՀՕ-377-Ն)
(հոդվածը 19.04.21 ՀՕ-179-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո)
(19.04.21 ՀՕ-179-Ն օրենքն ունի անցումային դրույթ)