Հոդված 143. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը հետաձգելը, գործի վարույթը կասեցնելը
Հոդված 143. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը հետաձգելը, գործի վարույթը կասեցնելը
1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը հետաձգելը կատարվում է սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով։
2. Վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցման վրա տարածվում են սույն օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածների կանոնները։ Դատավարության մասնակիցները գործի վարույթը կասեցնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող են բողոքարկել վճռաբեկ դատարան:
⚖Հոդված 144. Վերաքննության սահմանները վերաքննիչ դատարանում
1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։
2. Վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ համարում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն։ Եթե դատավարության մասնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից, սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված չափով կրում է դատավարության այդ մասնակիցը։
2.1. Վերաքննիչ դատարանի կողմից ընդունման ենթակա չեն սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով սույն օրենսգրքով սահմանված ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավարության մասնակիցը ներկայացնում է բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական դատարան ներկայացնելու հնարավորությունից:
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում այդ փաստը չի վիճարկվում, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն։
(144-րդ հոդվածը լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
⚖Հոդված 145. Վերաքննիչ դատարանի լիազորությունները
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ։
2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը, վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը կամ անհրաժեշտության դեպքում կայացնում նոր դատական ակտ կամ մերժում է վերաքննիչ բողոքը՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը թողնելով անփոփոխ, իսկ 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերը թողնում է օրինական ուժի մեջ:
(145-րդ հոդվածը խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը՝ փոփոխելով վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ճանաչվել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր 02.03.21 ՍԴՈ-1579 որոշմամբ)