Հոդված 143. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը հետաձգելը, գործի վարույթը կասեցնելը
Հոդված 143. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը հետաձգելը, գործի վարույթը կասեցնելը
1. Վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունը հետաձգելը կատարվում է սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով սահմանված դեպքերում և կարգով։
2. Վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցման վրա տարածվում են սույն օրենսգրքի 94-րդ և 95-րդ հոդվածների կանոնները։ Դատավարության մասնակիցները գործի վարույթը կասեցնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը կարող են բողոքարկել վճռաբեկ դատարան:
⚖Հոդված 144. Վերաքննության սահմանները վերաքննիչ դատարանում
1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։
2. Վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ համարում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն։ Եթե դատավարության մասնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից, սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված չափով կրում է դատավարության այդ մասնակիցը։
2.1. Վերաքննիչ դատարանի կողմից ընդունման ենթակա չեն սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով սույն օրենսգրքով սահմանված ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավարության մասնակիցը ներկայացնում է բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական դատարան ներկայացնելու հնարավորությունից:
3. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում այդ փաստը չի վիճարկվում, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն։
(144-րդ հոդվածը լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
⚖Հոդված 145. Վերաքննիչ դատարանի լիազորությունները
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.
2.1) բավարարում է վերաքննիչ բողոքը՝ փոփոխելով վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, եթե վերաքննիչ բողոքը բերվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ։
2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը, վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը կամ անհրաժեշտության դեպքում կայացնում նոր դատական ակտ կամ մերժում է վերաքննիչ բողոքը՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով, 9-րդ կետով (բացառությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերի) և 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը թողնելով անփոփոխ, իսկ 9-րդ կետով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջանկյալ դատական ակտերը թողնում է օրինական ուժի մեջ:
(145-րդ հոդվածը խմբ. 02.05.24 ՀՕ-220-Ն լրաց. 04.03.26 ՀՕ-57-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածի 02.03.21 ՍԴՈ-1579 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 04.03.26 ՀՕ-57-Ն օրենքի 15-րդ հոդվածի փոփոխությամբ)
⚖Հոդված 146. Վերաքննիչ դատարանի որոշումը
1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։
2. Որոշման ներածական մասը բովանդակում է`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրն ու վերաքննիչ դատարանի կազմը.
2) վարչական դատարանի անվանումը, դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, դատավորի (դատավորների) անունը, ազգանունը.
3) դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում՝ նաև պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը)։
3. Որոշման նկարագրական մասը բովանդակում է`
1) գործի դատավարական գործընթացի նկարագրությունը, վճռի հրապարակման օրը, վարչական դատարանի վճռի եզրափակիչ մասի հակիրճ բովանդակությունը.
2) գործը վերադաս դատարանից նոր քննության ուղարկելու դեպքում` նաև համապատասխան դատավարական նախապատմությունը` նշելով վերադաս դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը.
3) նշում՝ վարչական դատարանի՝ առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
4) նշում` վերաքննիչ դատարանի՝ առանձին ակտի ձևով ընդունած որոշումների մասին.
5) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք բերած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացնողի դիրքորոշումը և հիմնավորումները։
4. Որոշման պատճառաբանական մասը բովանդակում է`
1) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ներառյալ`
ա. այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը և վերաքննիչ բողոքում չեն վիճարկվել,
բ. այն փաստերը, որոնք հաստատել է դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, սակայն վերաքննիչ դատարանը դրանց վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ թույլ չի տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցների վրա,
գ. այն փաստերը, որոնք հաստատել է վարչական դատարանը և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի մասով վարչական դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե վարչական դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ վարչական դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով վարչական դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին,
դ. այն փաստերը, որոնք չի հաստատել վարչական դատարանը, և այդ հանգամանքը վիճարկվել է վերաքննիչ բողոքում, և վերաքննիչ դատարանը վարչական դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա դրանք համարել է հաստատված` հղում կատարելով վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան դիրքորոշմանը և առաջին ատյանի դատարանի հետազոտած այն ապացույցներին, որոնք ընկած են փաստի հաստատման հիմքում,
ե. այն փաստերը, որոնք հաստատել է վերաքննիչ դատարանը.
2) եզրահանգում` բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին.
ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը` բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի և այլ իրավական ակտի նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ` հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի այն նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա` պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը.
3) սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը կիրառելու դեպքում` գործի նոր քննության ծավալը կամ նշում այն մասին, որ գործը պետք է քննվի ամբողջ ծավալով.
4) եզրահանգումներ` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ, եթե վերաքննիչ դատարանը համարել է, որ վարչական դատարանը սխալ է որոշել ապացուցման առարկան կամ սխալ է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը.
4.1) եթե վերաքննիչ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով, ընդունելով բողոքարկված դատական ակտի թե փաստական, թե իրավական հիմնավորումները, հանգում է այն եզրակացության, որ վարչական դատարանը գործի լուծման մասով եկել է ճիշտ եզրակացության, և բացակայում է սխալ պատճառաբանված դատական ակտն ամբողջությամբ պատճառաբանելու կամ թերի պատճառաբանված դատական ակտը մասնակի պատճառաբանելու անհրաժեշտությունը, ապա առանց լրացուցիչ պատճառաբանելու միայն հղում՝ բողոքարկված դատական ակտով հաստատված փաստերին, դրա իրավական հիմնավորումներին և պատճառաբանություններին.
5) դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը։
5. Որոշման եզրափակիչ մասը բովանդակում է`
1) վերաքննիչ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու կամ վերաքննիչ վարույթը կարճելու մասին դատարանի եզրակացությունը.
2) վերաքննիչ բողոքը բավարարելու դեպքում` համապատասխան դատավարական հետևանքը.
3) եզրակացություն` հայցի ապահովման միջոցները պահպանելու կամ վերացնելու վերաբերյալ.
4) եզրակացություն` դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ.
5) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշումը կամովին չկատարվելու դեպքում որոշումը պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին.
6) որոշման բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է բերվել բողոքը։
6. Վերաքննիչ դատարանի որոշումը ստորագրում և կնքում են որոշումը կայացրած դատավորները:
(146-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, լրաց. 04.03.26 ՀՕ-57-Ն)
(04.03.26 ՀՕ-57-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)