Հոդված 305. Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը
Հոդված 305. Տուգանք նշանակելու մասին որոշումը կատարելու ժամկետներն ու կարգը
Խախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Եթե սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս: Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով:
Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով:
Եթե մանր խուլիգանություն կատարած տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք ինքնուրույն վաստակ չունեն, տուգանքը գանձվում է ծնողներից կամ նրանց փոխարինող անձանցից:
Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից մուծվում է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքը խախտողը մուծում է կենտրոնական գանձապետարան, բացառությամբ իրավախախտման կատարման տեղում գանձվող տուգանքի:
Համայնքի ղեկավարների նշանակած տուգանքը մուտքագրվում է համապատասխան համայնքի բյուջե, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե:
Եթե կատարողական վարույթն ավարտվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով, և հարկադիր կատարման ներկայացված՝ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված իրավախախտումների գործերով կայացված որոշումների հիման վրա չկատարված դրամական պարտավորությունների (մեկից ավելի վարչական ակտերի դեպքում՝ դրանց հանրագումարի) չափը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից վեց ամիս ժամկետով, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշման կայացումը կատարում է դրամական պարտավորությունները (այդ թվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող մասով):
Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից: Այդ դեպքում կայացվում է առանձին որոշում, որը հանձնվում է հասցեատիրոջը առձեռն կամ պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ:
Սույն օրենսգրքի 150.3-րդ հոդվածով գանձվող տուգանքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարան, իսկ մարզային ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ համապատասխան համայնքի բյուջե:
(305-րդ հոդվածը փոփ. 10.03.90, 11.12.02 ՀՕ-495-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ., փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 02.12.08 ՀՕ-221-Ն, փոփ. 18.05.10 ՀՕ-65-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-247-Ն, փոփ., խմբ. 05.12.13 ՀՕ-143-Ն, խմբ. 21.06.14 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-178-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-9-Ն)