Հոդված 123.5. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը
Հոդված 123.5. Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը
Անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող կամ ինքնաշեն հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Առանց հաշվառման համարանիշների (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշներն (համարանիշը) այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուսների կամ կցորդների (բացառությամբ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլետների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշները ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպությունների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն օրենսգրքում անընթեռնելի հաշվառման համարանիշ ասելով պետք է հասկանալ այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:
Սույն օրենսգրքում ինքնաշեն հաշվառման համարանիշ ասելով պետք է հասկանալ այն համարանիշը, որի վրա պատկերված են տվյալ տրանսպորտային միջոցին հատկացված հաշվառման համարանիշի նիշերը և պատրաստված է ոչ իրավասու մարմնի կողմից:
(123.5 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն)