Հոդված 63. Ջրային համակարգերը և հարմարանքները վնասելը, դրանց օգտագործման կանոնները խախտելը
Հոդված 63. Ջրային համակարգերը և հարմարանքները վնասելը, դրանց օգտագործման կանոնները խախտելը
Ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրային համակարգերի և հարմարանքների, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերի, չափիչ-կարգավորիչ սարքերի օգտագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
(63-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 11.12.02 ՀՕ-495-Ն)