Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը
Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը
Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե նրանք գտնվում են միայն ալկոհոլի ազդեցության տակ, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե նրա մեկ լիտր արտաշնչած oդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, կամ եթե նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1.6 գրամը, կամ նրա ոչ սթափ վիճակում գտնվելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով:
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի կամ թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլի վարորդի կողմից կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով:
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երկու տարի ժամանակով:
Սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով:
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է:
Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ:
Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ մեզի մեջ թմրանյութի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:
(126-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն)