Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ առաջին ատյանի դատարանի իրավասությանը վերապահված հարցերով`
1) սույն օրենսգրքի 40.1- 40.4, 40.6-40.11 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու ընտրական հանձնաժողովը.
2) սույն օրենսգրքի 40.12, 166.1 և 183.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը.
3) սույն օրենսգրքի 53 հոդվածով, 175 հոդվածի երկրորդ մասով և 180.1, 1898 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը.
4) սույն օրենսգրքի 97.2 և 973 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն.
5) սույն օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ ոստիկանության համապատասխան մարմինը.
6) սույն օրենսգրքի 189.2 – 189.6 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը.
7) սույն օրենսգրքի 147, 189.9 և 189.10 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը.
8) սույն օրենսգրքի 198.2 հոդվածի չորրորդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկային տեսչության կամ աշխատանքի պետական տեսչության մարմինները.
9) սույն օրենսգրքի 206.5 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` հարկադիր կատարման ծառայությունը.
10) սույն օրենսգրքի 206.8 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով` մարդու իրավունքների պաշտպանը.
11) սույն օրենսգրքի 206.9 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը):
Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 170.5, 189.7 հոդվածներով, 198.2 հոդվածի հինգերորդ մասով և 257 հոդվածով նախատեսված դեպքերում:
(254-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-48-Ն, փոփ., լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն)