Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-11-03-ից մինչև 2014-12-27։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 22 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 283. Գործի վերաբերյալ որոշման հայտարարումը և որոշման պատճենի հանձնումը

գործել է մինչև 2014-12-27Բացել ARLIS-ում

Հոդված 283. Գործի վերաբերյալ որոշման հայտարարումը և որոշման պատճենի հանձնումը

Որոշումը հայտարարվում է անհապաղ՝ գործի քննությունն ավարտելուն պես:

Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա ֆաքսով, էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով:

Որոշումը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրել է անձամբ հասցեատերը, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումն ստանալուց հրաժարվելու մասին։ Որոշումը համարվում է անձամբ հանձնված նաև այն դեպքում, երբ հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է ֆաքսով, էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցված լինելու փաստը: Որոշումը էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում ծանուցումն իրականացվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Եթե անձի (որին ուղարկվել է որոշումը) հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը և ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով և տեղադրվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումն ուղարկվում է անձի հաշվառման հասցեով և տեղադրվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, անձը համարվում է պատշաճ ծանուցված որոշումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ և մաքսանենգության վերաբերյալ գործերի որոշման պատճենը հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ որոշումը կայացվել է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

Սույն օրենսգրքի 173 հոդվածով և 191 հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների գործերով, այն անձի նկատմամբ որոշման պատճենը, որին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից հրազենը, ինչպես նաև զինամթերքը վստահվել է պաշտոնեական պարտականությունները կատարելու կապակցությամբ, կամ այդպիսիք տրվել են ժամանակավոր օգտագործման նպատակով, ուղարկվում է համապատասխան ձեռնարկությանը, հիմնարկին կամ կազմակերպությանը` ի գիտություն, և ոստիկանությանը` այդ անձին հրազենից օգտվելն արգելելու մասին հարցը քննելու համար:

(283-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, լրաց., փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 29.09.14 ՀՕ-146-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։